
Ըստ Մանվել Եղիազարյանի՝ բանակում բոլորը «բարեկամ-բարեկամ են խաղում»
«Բանակը հայ ժողովրդի 20-րդ դարի շահույթն է»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Սակայն, նրա կարծիքով, բազմաթիվ երևույթներ կան, որ չպետք է լինեին հայոց բանակում, մասնավորապես՝ զինվորների սպանությունները, որոնց թիվն աստիճանաբար մեծանում է, այն էլ խաղաղ պայմաններում:
Մ. Եղիազարյանը համոզված է, որ բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր են բոլորը: Հասարակությունը պետք է սեր ու հարգանք տածի սպայի ու զինվորի նկատմամբ, նրանց տեսնելիս ոգևորվի: Իսկ այժմ անկարգապահությունը շատ է, ծառայության են ուղարկում հիվանդ տղաների: Ծնողները 18 տարի հազիվ պահում ու մեծացնում են իրենց տղային, իսկ նրան բանակում սպանում են:
Մ. Եղիազարյանի կարծիքով՝ պետք է բոլոր մեղավորներին պատժել, որպեսզի նման դեպքերը չշարունակվեն: Հակառակ դեպքում ոչ միայն կկրկնվեն նման դեպքերը, այլևս բանակում կշարունակվեն կոռուպցիոն երևույթները:
«Հասարակությունն առանձին է գործում, բանակն՝ առանձին: Իսկ այդպես ամուր բանակ ունենալ, շարունակ պահել հնարավոր չէ»,- նշեց Մ. Եղիազարյանը:
Նրա կարծիքով՝ մի կողմից բանակում ծառայում են տգետ սպաներ, մյուս կողմից սպաների ենթակայության տակ ծառայում են այնպիսի զինվորականներ, որոնք «թիկունք ունեն» և պարբերաբար ճնշում ու ստորացնում են սպաներին: Իսկ վերջիններս լռում են, որովհետև գիտեն, որ կարող են հեռացվել համակարգից: Բանակում չկան զինվոր-սպա ճիշտ հարաբերությունը, բացակայում է առողջ մթնոլորտը:
«Բանակում պետք է ծառայեն ոչ թե ռոճիկ ստանալու համար, այլ հայրենիքի բանակը կերտելու համար»,- հավելեց Մ. Եղիազարյանը:
Վերջինս համոզված է, որ հասարակությունը պետք է աղմուկ բարձրացնի բանակում տեղի ունեցող ամեն մի դժբախտ դեպքի կապակցությամբ: Իսկ հեռուստատեսությունը, դպրոցն այժմ ապագա զինվորի չեն դաստիարակում:
«Գուցե մենք կարողանում են հաղթել, բայց հաղթանակից օգտվել հայ ժողովուրդը չկարողացավ»,- նշեց «Արաբոյի» հրամանատարը:
Նրա խոսքերով՝ բանակում կան արմատական երևույթներ, որ անգամ նախարարը չի կարող փոխել: Բանակում բոլորը «բարեկամ-բարեկամ են խաղում», իսկ նախարարն այնքան մեծ լիազորություներ չունի, որքան թվում է: Ամեն մեկը փորձում է կապերի և ծանոթությունների շնորհիվ միջամտել բանակի գործերին, իսկ եթե ոչ մեկ չխառնվի բանակի ներքին գործերին, ապա շատ բան կարելի կլինի փոխել:
Մյուս կողմից Մ. Եղիազարյանը համոզված է, որ Հայաստանում կա հայրենասերների մի մեծ խումբ, պարզապես նրանք միասնական չեն: Սակայն հարկ եղած դեպքում բոլորը կգնան պատերազմի դաշտ: Իսկ հայ տղամարդն այնքան ուժեղ է, որ կարող է կռվել 3-4 հակառակորդի հետ:
«Մենք ավելի մարտունակ, ավելի ամուր ենք, քան ադրբեջանցիները: Մեր հայ տղամարդը ի ծնե զինվոր է: Բայց մենք զինվորին չենք կայացնում»,- ասաց Մ. Եղիազարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել