Բուսաբանական այգու խորհրդավոր «բնակիչը» այրում է ծառերը
«Հետքը» քաղաքացիներից ահազանգ էր ստացել, որ Բուսաբանական այգուց անհայտ անձինք ծառեր են գողանում, որից հետո Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը ստուգել էր տարածքը եւ հայտնել, որ հատված ծառեր չեն հայտնաբերվել: «Եթե գաք մեզ մոտ, ձեր աչքով կարող եք տեսնել, որ հատված ծառեր չկան»,- վստահեցնում էր փոխտնօրենը: Երեկ մենք այցելեցինք Բուսաբանական այգի եւ հեռավոր մի հատվածում նկատեցինք խարույկի հետքեր, որտեղ կային հատված ծառեր եւ ճյուղեր:
Բուսաբանական այգու խորհրդավոր եւ անհայտ «բնակիչը» ծառերի ճյուղերով իրեն «տնակ» է կառուցել, որտեղ էլ գտնվում է խարույկը: Մոխիրի մեջ նկատեցինք թռչնի ոսկորներ: Բացօթյա «տնակի» հարեւանությամբ հանդիպեցինք 8 ոչ հաստաբուն հատված ծառեր, որոնցից գոյացած փայտերը «տնակում» էին գտնվում, հավանաբար հետագա այցելությունների ժամանակ այրելու համար:
Այգու խորհրդավոր «բնակչի» եւ նրա բացօթյա «տնակի» մասին տեղեկացրինք Բուսաբանության ինստիտուտի տնօրենին, որից հետո անվտանգության աշխատակիցները ոչնչացրեցին «տնակը», սակայն նրա տիրակալն այդպես էլ անհայտ մնաց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել