Գրիգոր Պըլտյան. «Իմ կարծիքով, մենք մշակութային ազգ չենք»
Զրույց Գրիգոր Պըլտյանի հետ «Հայկական ֆուտուրիզմ» գրքի առիթով
Ֆրանսահայ գրող, քննադատ Գրիգոր Պըլտյանը 23 գրքի հեղինակ է` բանաստեղծություններ, գրաքննադատական հոդվածներ, արձակ ստեղծագործություններ: Դասավանդում է Լիոնի համալսարանում եւ Փարիզի արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում:Ապրում եւ ստեղծագործում է Փարիզում:
-Ինչպե՞ս ծնվեց ֆուտուրիզմի եւ հատկապես հայկական ֆուտուրիզմի հանդեպ ձեր հետաքրքրությունը:
-Աշխատությունը սկսել եմ 1984-85 թվականներին: Դասավանդում էի համալսարանում: Այդ ժամանակ ֆրանսիայում եւ Իտալիայում ֆուտուրիզմը սկսեց վերահայտնվել, քանի որ երկար ժամանակ ետ մղված էր ու չէր խոսվում այդ մասին: Մի պարզ պատճառով` շարժումը քննադատության կողմից դիտվում էր իբրեւ ֆաշիստական, քանի որ նրա հիմնադիր Մարինետտին իր կյանքի վերջին շրջանում կապված է եղել Իտալիայի ֆաշիզմին: Մարինետտիի մահվանից հետո` 1944-ից մինչեւ 60-ականների կեսերը, այն գրեթե մոռացված էր: Հետագայում ֆուտուրիզմի նկատմամբ հետաքրքրությունը կրկին սկզբնավորվեց Իտալիայում: 1984-85 թվականներին, իմ պրպտումների ընթացքում նկատեցի, որ հայ գրականության մեջ էլ եղել են այդ տեսակի ձգտումներ:
-Կարելի՞ է ասել, որ այս ծավալուն աշխատանքն ավելի շատ ձեր անձնական հետաքրքրությունների արդյունքն է:
-Այո, իբրեւ գրող ես հետաքրքրված եմ բոլոր առաջադեմ շարժումներով, եւ ինձ միշտ հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու՞ հայերի մոտ սյուրռեալիզմ կամ էկզիստենցիալիզմ չկա: Հայաստանում պատճառները հասկանալի են, իսկ սփյուռքի գրականության մեջ ինչու՞ չկար, եւ ինչու՞ հայ գրողների մեծամասնությունը չափազանց պահպանողական է: Ես հետաքրքրված էի այդպիսի նոր շարժումներով, եւ հետեւաբար ֆուտուրիզմը եւ արեւմտաեվրոպական մյուս գրական շարժումներն ինձ համար հետաքրքիր էին, քանի որ կրթությամբ փիլիսոփա էի եւ գեղագետ եւ ուղղակիորեն կապվում էի այդ նորարարական շարժումներին: Իմ դեպքում, գրեթե միշտ իմ ուսումնասիրությունները ծնվում են` ելնելով նախեւառաջ անձնական նախասիրությունից:
-Իսկ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ հայ իրականության մեջ եվրոպական գրական-գեղարվեստական շարժումներ գրեթե չեն եղել կամ չեն զարգացել, կամ եղել են շատ կարճ ժամանակահատվածում: Եվ ինչու՞ այդ շարժումնեի մեջ ավելի տեւական ընթացք ունեցավ ֆուտուրիզմը, ինչո՞վ եք բացատրում:
-Գիրքը հենց այդ մասին է, թե ինչպես է այդ շարժումը, հոսանքը, որ համաեվրոպական բնույթ ունի, տարածվում Պոլսում, Թիֆլիսում, Երեւանում, որը հետո արգելվում է ու զարգանալու համար նպաստավոր հող չի գտնում: Գիրքս բաղկացած է 3 մասից. ապագայապաշտությունը Պոլսում, Թիֆլիսում, Երեւանում: Կարեւոր է, որ Պոլսի մամուլում թարգմանվել եւ տպագրվել է Մարինետտիի մանիֆեստը, որն էլ հենց ապագայապաշտություն բառի հեղինակն է։ Հրատարակվում են իտալացի բանաստեղծների գործերը, ներկայացվում է նաեւ ապագայապաշտ նկարչության մանիֆեստը, մամուլում տպագրվում են առաջին ֆուտուրիստ գեղանկարիչների գործերը։ Նաեւ տեսնում ենք, թե ինչպես որոշ գրողներ ֆուտուրիզմը դիտում են որպես հնարավոր նոր շարժում։ Դա նկատվում է հատկապես Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի եւ ուրիշների մոտ: 1915-ից առաջ, Պոլսի եռուն տարիներին, ապագայապաշտությունը մի շարժում էր, որն իր շուրջը մեծ հետաքրքրություն էր ստեղծել, բայց միեւնույն ժամանակ գրողները կարծես չեն ցանկացել ընդունել ապագայապաշտության սկզբունքները եւ իրագործել այն:
-Ինչու՞:
-Որովհետեւ ձգտում էին հայակենտրոն շարժում ստեղծել: Ֆուտուրիզմը նրանց հետաքրքրում էր, բայց իրենց հարմար չէր: Չի կարելի մոռանալ նաեւ, որ ֆուտուրիզմը ուներ որոշ կետեր, որոնք անընդունելի էին նրանց համար. օրինակ՝ հակաիգական կողմեր ուներ։ Ճիշտ է, դա ինչ-որ չափով վերացական էր, քանի որ կին ֆուտուրիստներ նույնպես կային։ Իր դերն է խաղում նաեւ Մարինետտիի պատերազմի ջատագովությունը. պետք չէ մոռանալ, որ այդ թվականներին Թուրքիան եւ Իտալիան պատերազմի մեջ էին, հետեւաբար, Պոլսի հայ գրողների համար վտանգավոր էր հետեւել այդ շարժմանը: Թիֆլիսում իրավիճակն այլ էր։ Այնտեղ ստեղծվել էր իսկական մտավորական մթնոլորտ: Ռուսական հեղափոխությունից հետո ռուսական ֆուտուրիզմը հասավ Կովկաս: Գրող Կարա Դարվիշը (Հակոբ Կենճյան) դասախոսություն է ունենում «Ի՞նչ է ֆուտուրիզմը» վերնագրով: Դա շատ կարեւոր է։ Կարա Դարվիշն իսկական ֆուտուրիստ էր, քանի որ ոչ միայն ընդունել էր ֆուտուրիզմի հիմնական սկզբունքները, որ է` նոր արվեստը, անցյալի, թանգարանների պաշտամունքի մերժումը, այլ որպես հայ գրող ունեցավ իսկական ապագայապաշտ գործունեություն` գրելով ոչ միայն տեսական նյութեր, այլ նաւ բանաստեղծություններ, որտեղ կան ապագայապաշտ գրականության բոլոր հատկանիշները: Իր բանաստեղծությունները նա գրում էր բացիկների վրա եւ դրանք վաճառում Թիֆլիսի համերգասրահի մուտքի առջեւ: Այդ ժամանակ Թիֆլիսում հաճախ անցկացվում էին ֆուտուրիստական երեկոներ, որտեղ ընթերցումներից բացի արվում էին հայտարարություններ` իսկական ապագայապաշտ գործունեություն: Կովկասի մտավորականությունը բավական տեղեկացված է եղել ապագայապաշտության մասին, գրվել են բազմաթիվ հոդվածներ, բայց միշտ հակաապագայապաշտ: Միակը Կարա Դարվիշն էր, որ հետեւում էր այդ հոսանքին՝ միեւնույն ժամանակ կապեր պահելով վրացի եւ ռուս ֆուտուրիստների հետ։ Օրինակ՝ գրքում կան Մարինետտիի եւ Կարա Դարվիշի դիմանկարները` արված Մայակովսկու ձեռքով, եւ ուրիշ այլ նկարներ, որոնք ցույց են տալիս նրա բարեկամության ցանցը, որը բավական լայն էր: 1919-1920 թթ. ֆուտուրիզմը միանում է հեղափոխությանը: Կարա Դարվիշը նույնպես միանում է հեղափոխականներին, սակայն 1921-22-ի վերջում դրությունը կտրուկ փոխվում է: Երեւանում հայտնվում են երեքը` Վշտունին , Չարենցը, Աբովը, ովքեր գրում են իրենց նշանավոր «Դեկլարացիան», որն իր շատ կետերով զուտ ապագայապաշտ գրական մանիֆեստ է: Չարենցն ասում է, որ ցանկացել է մի քիչ շարժել ճահիճը, 17-18 թվականներին գրված իր գործերն ունեն ապագայապաշտ նկարագիր, իսկ 22- ին ծնվում է իր հայտնի «Ռոմանս անսերը», որը երկար ժամանակ չի տպագրվում` մինչեւ 70-ականները: «Երեքը» պառակտվում է, որից հետո Չարենցը 1924-ին Մոսկվայում հրատարակում է «Ստանդարտը», որն այս անգամ մի քիչ կոնստրուկտիվիստական ֆուտուրիզմ էր: 1923-ին Թիֆլիսում տեղի է ունենում գրական դատ, որտեղ դատապարտում են ֆուտուրիզմը: Կամաց-կամաց այն արգելվում է, Կարա Դարվիշն, իհարկե, ներկայանում է որպես ժուռնալիստ` տպագրելով մի շարք հոդվածներ, 24-ին փակվում է նաեւ «Ստանդարտը», եւ Չարենցին ուղարկում են արտասահման: Չարենցի կյանքում ֆուտուրիզմը ոչ թե 2 տարվա պատմություն էր, այլ 6-7 տարվա: Մեր գրականագիտությունն այն փորձում է ծածկել՝ Չարենցի ֆուտուրիստական շրջանը դիտելով որպես սխալ, սայթաքում:
-Հետաքրքիր է, ի՞նչ տվեց այս շարժումը, ի՞նչ փոխեց այն հասարակական կյանքում, նպաստե՞ց, արդյոք, նրա ընդհանուր զարգացմանը Պոլսում, Երեւանում, Թիֆլիսում, եւ ի՞նչ կարող է տալ այս գիրքն այսօր մեր հասարակությանը:
-Եթե ենթադրենք, որ Հայաստանում այդ ժամանակ գործարաններ չկային, նավեր, օդանավեր եւ այլն, որի գովքն արվեր, այդ պատճառով ֆուտուրիզմը մեզանում ընկալվում էր որպես անցյալի ավանդույթների մերժում, ինչը որ կար իր սկզբունքների մեջ։ Բայց գիտենք նաեւ, որ անցյալի ավանդույթների մերժումը մեր ավանդապահ քննադատների կողմից ընկալվում էր որպես հայրենադավություն, դավաճանություն: Այդ պատճառով նրանց «Աստվածը» Տերյանն էր համարվում, որը սիմվոլիստ բանաստեղծ էր եւ ոչ՝ հեղափոխական, նա անձամբ հեղափոխական էր, բայց իր բանաստեղծություններն ունեին սիմվոլիստ բանաստեղծության նկարագիր։ Այո, այդ ժամանակ կային Թումանյանն ու Իսահակյանը, բայց նրանք ներկայացնում էին անցյալի ավանդները, մեր հասարակությունն ավելի շատ ձգտում էր այդ ավանդույթների պահպանմանը, քան դրանց խնդրականացմանը: Այսօր, այս աշխատությունը ներկայացնելով, իմ նպատակը ֆուտուրիզմը վերստին գրական տեսություն դարձնելը չէ, քանի որ նա անցյալի հոսանք է։ Իմ նպատակն է ի հայտ բերել այն հակազդեցությունները, որ եղել են ֆուտուրիզմի դեմ, որովհետեւ ֆուտուրիստներն այն ժամանակ ունեին բանաստեղծության խնդրականացում, նրանք բանաստեղծությունն ուզում էին ապրել, Կարա Դարվիշը հատուկ զգեստ հագած իր բանաստեղծություններն էր վաճառում համերգասրահների առջեւ։ Նա սենյակային բանաստեղծ չէ, նա փողոցի բանաստեղծ է: Մեր հասարակությունը մինչեւ հիմա չի ընդունում, որ մեկը կարող է իր գրածն ապրել կամ իր ապրածը գրել: Մեզանում հսկայական անդունդ կա մարդու ապրածի եւ գրածի միջեւ, եւ հաճախ մեր գրողները ոչինչ չեն ապրում, միայն գրում են, այսինքն՝ թղթի տարածությունն են լցնում: Չեմ ասում, թե բոլոր գրողներն այդպես են, մանավանդ որ 1924 թ.-ից հետո խորհրդային Հայաստանում պրոլետարական արվեստից բացի այլ արվեստ հնարավոր չէր, արվեստը ղեկավարված էր: Իսկ սփյուռքում ֆուտուրիզմ կամ այլ շարժումներ էլի չէին կարող տեղի ունենալ, քանի որ նրանք էլ հակված էին ավանդույթի պահպանմանը: Հայ մշակույթի ներկա փուլում էլ անցյալի պահպանումն ավելի կարեւոր է թվում, բայց կան արվեսագետներ, որոնք դուրս են այդ ամենից, օրինակ` Արշիլ Գորկին, Փարաջանովը, Սեւակը, որոնք փոքր-ինչ հեռանում են ընդհանուր ավանդույթներից, բայց այս բոլորը խումբ չեն կազմում, շարժում չեն կազմում ու մնում են որպես զուտ անհատական դրսեւորումներ: Միակ փորձը, որ եղել է Արեւմուտքում, Փարիզում էր, որտեղ եղավ «Մենք»-ի շարժումը` 15 գրող փորձեցին աշխատել միասին, որը տեւեց ընդամենը մեկ եւ կես տարի:
-Ինքնությունը կորցնելու վա՞խն է պատճառը: Ինչո՞ւ ենք մենք այդքան ամուր կառչել մեր ավանդներից:
-Ինքնության խնդիր կա, ճիշտ է: Բայց ինքնության մասին կարելի է նաեւ այլ կերպ մտածել: Ես նույն հատկությունները չունեմ, անշուշտ, ինչ իմ հայրն ուներ, ես արդեն տարբեր եմ իմ հորից. տեխնիկայի զարգացումը, ինֆորմացիան, նորույթները, շփումները անհնար են դարձնում իմ ինքնությունն այնպես, ինչպես որ եղել է: Ստացվում է, որ կառչում ես մի բանից, որն այլեւս գոյություն չունի: Ամեն ինչ փոխում է մեր խոսքը, լեզուն, պատկերացումները. ռադիոն, հեռուստատեսությունը, տեխնիկան։ Սրանք մեծ ազդեցություն են ունենում մեր հայացքների, աշխարհայացքի ձեւավորման վրա, եւ մենք կարծես փոխվում ենք հարկադրաբար: Ինքնությունը կայուն բան չէ, այլ, ինչպես ասում են գիտական լեզվով, ինքնացումի արդյունք է: Այն ոչ թե զանգված է, որ գոյություն ունի, այլ մի բան, որ կարող է լինել` մի տեղից վերցնելով, մի այլ տեղ տալով: Ինքնության բաղկացուցիչն է նաեւ անցյալի մեկնաբանությունն այսօրվա տեսանկյունից եւ այսօրվա արժեչափերով։ Այն կդադարի համարվել սրբություն: Եթե ուզում ես ապրել, պիտի փոխես աշխարհը. արդիական բոլոր շարժումները նման խնդիր են դնում իրենց առջեւ:
Նազելի Օհանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել