«Սեւազգեստ բանակի» երթը շարժվեց նախագահի նստավայր
Քիչ առաջ կառավարության շենքի դիմացից մեկնարկեց «Սեւազգեստ բանակ» բողոքի ակցիան, որը կազմակերպել են մի շարք հասարակական կազմակերպություններ եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի երիտասարդները: Վերջին տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարները ձեռքերին ակցիայի մասնակիցները շարժվեցին նախագահական նստավայր: Այս ակցիան ավելի մարդաշատ էր, քան նմանատիպ նախորդ ակցիաները, հատկապես գերիշխում էին երիտասարդները:
Ակցիայի մասնակիցները նախ` առավոտյան ժամը 10.30-ից հավաքվեցին կառավարության շենքի մոտ, ամոթանք տվեցին կառավարության նիստին մասնակցող նախարարներին, ապա մի քանի րոպե կլոր շրջան կազմեցին ու շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
«Սեպտեմբերի 21-ին ի՞նչ շքերթ են անելու, այսքան սգի մեջ ի՞նչ շքերթ»,-ասում էր բողոքի ակցիային մասնակցող «Զանգակ» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Առաքելյանը: Նրա ասելով` երկրի ղեկավարությունը պետք է զորակոչը դադարեցնի այնքան ժամանակ, մինչեւ կարգ ու կանոն հաստատվի բանակում, ծնողներն էլ իմանան, որ հանգիստ սրտով տղա են ուղարկում բանակ:
Մեկ այլ զոհված զինծառայողի մայր Իրինա Ղազարյանն էլ բղավում էր, որ 2010թ. դեկտեմբերի 17-ին բանակում զոհված իր տղայի` Արթուրի դիակը ուղղաթիռով բերել են Երեւան եւ ծնողներին խաբել` ասելով, թե որդին կենդանի է, հետո հոսպիտալում է մահացել:
«Շոթա Վարդանյանը մարդ ուտող է, ինձ ասում է, թե կարգն է այդպես, դրա համար ենք այդպես ասել: Ես երեխա եմ բանակ ուղարկում, որ ասեն կարգը դա՞ է: Իմ տղային բլինդաժի մեջ հրամանատարն է գլխին խփել, հետո էլ ասում են, թե ինքը չի անողը»,-ասում էր Իրինա Ղազարյանը: Նրա խոսքերով` հրամանատարական կազմից հետո իրենց ասել են, թե այդպես են ասել, որ թաքցնեն Հադրութում զինվորի զոհվելու փաստը:
«Ինչի՞ են Ղարաբաղից եկել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը, թող մնան այնտեղ զբաղվեն կարգ ու կանոնով, ինչի՞ են հավաքվել ստեղ մեզ ուտում: Բոլորը դարձել են պարոններ, ի՞նչ պարոններ: Պարոնները այս զոհված զինծառայողների ծնողներն են»,-բողոքում էր «Զանգակատուն» ՀԿ-ի ներկայացուցիչներից մեկը:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել