Ծովինար գյուղում վերընտրվել է անկուսակցական գյուղապետը
Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիք մարզի Ծովինար գյուղում անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: Գյուղապետի միակ թեկնածու` գործող անկուսակցական գյուղապետ Մհեր Մարտոյանը վերընտրվել է` հավաքելով 1879 կողմ եւ 6 դեմ ձայներ: Մհեր Մարտոյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ համայնքում պետք է լուծի չգործող մանկապարտեզի, կուլտուրայի տան եւ ասֆալտապատման խնդիրները:
Մեր այն հարցին, թե ինչու այս ընտրություններում մրցակից չուներ, Մհեր Մարտոյանը պատասխանեց. «Դե երեւի լավ ենք աշխատել, ժողովուրդը գնահատել է աշխատանքը»: 5 հազար 200 հարյուր բնակիչ ունեցող Ծովինարի համայնքապետը ներկայացրեց նախորդ տարիների կատարած աշխատանքը. «99 տոկոսով լուծված է խմելու ջրի հարցը, գյուղը 100 տոկոսով գազաֆիկացված է, 2 կմ ասֆալտապատել ենք մեր պատգամավոր Հակոբյան Հակոբի շնորհիվ, կամաց-կամաց մեր ուժերով լուծել ենք խնդիրները»:
Դեկտեմբերի 6-ին Ծովինարում ընտրել են նաեւ համայնքի ավագանու անդամների: Ընտրված 11 թեկնածուներից 8-ը անկուսակցական են, Հանրապետական, Դաշնակցական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից ընտրվել են մեկական թեկնածուներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել