HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Բանուչյանին համաներեցին

a-banuchyan_7.12.09Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն, այժմ Հնագրագիտության բաժնի վարիչ Արշակ Բանուչյանի գործով դատավճիռը: Արշակ Բանուչյանը մեղավոր ճանաչվեց խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ (ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-205-րդ հոդվածի 1-ին կետով):  Նա դատապարտվեց համապատասխանաբար 2 և 1 տարի ազատազրկման` առանց որոշակի զբաղեցրած պաշտոնի կամ գործունեության զրկման: Համաներում հայտարարելու ԱԺ որոշմամբ Արշակ Բանուչյանն ազատվեց 3 տարի ընդհանուր պատիժը կրելուց: Դատարանը վճռեց հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի բռնագանձել մոտ 2.3 մլն դրամ: ՊԵԿ-ի` ընդդեմ «Մագաղաթ» հրատարակչության պետբյուջե բռնագանձելու պահանջը դատարանը թողեց առանց քննության` վարչական դատարանի վերջնական որոշմանը: «Մագաղաթ» ՍՊԸ-ի բանկային հաշիվների և համակարգչի վրա դրված կալանքը մնաց անփոփոխ: «Ենթադրվում է, որ վատնման մասով այդ գումարները պետք է վերադարձվեն «Մատենադարանի բարեգործներ» հիմնադրամին, սակայն Հիմնադրամն իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, որ վատնման փաստ չկա»,- «Հետքին» պարզաբանեց Տիգրան Աթանեսյանը: Արշակ Բանուչյանը նշեց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը. «Հանցանք չգործած արարքի վրա պատիժ կիրառելը, հետո համաներում կիրառելը ո՞նց կարող ենք արդարացի վճիռ համարել»: Անդրադառնալով գումարի բռնագանձման պահանջին` Ա. Բանուչյանը նշեց, որ, ըստ էությանը, գումարը ամսագրի տպագրության համար էր նախատեսված. «Այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե գումարը ետ վերադարձնենք հիմնադրամին, հետո նորից այդ ամսագիրը տպագրելու համար նույն գումարը պետք է փոխանցեն»: Հարկերից խուսափելու և դրանք բռնագանձելու մասով գործի քննությունը շարունակվում է վարչական դատարանում: Ըստ մեղադրանքի` Բանուչյանը մոտ 10.8 մլն դրամի չափով խուսափել է հարկերից, իսկ ըստ փորձագետի եզրակացության` 7 մլն 300 հազար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter