Արամ Սաթյան. «Երաժշտության մեջ երիտասարդներին այնպես չեն աջակցում, ինչպես սպորտում»
Սեպտեմբերի 14-ին Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային ստեղծագործությունների համերգը: Կոմպոզիտորի խոսքերով` նման ցանկություն ինքն ունեցել է շատ ավելի վաղ, քանի որ նախատեսում էր կազմակերպել հեղինակային համերգ յուրաքանչյուր 10 տարին մեկ: Սակայն նրա հեղինակային վերջին համերգը տեղի է ունեցել 1997 թ.-ին: Իսկ այժմ համերգին աջակցելու ցանկություն է հայտնել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:
Այսօր կայացած ասուլիսին Ա. Սաթյանը նշեց, որ համերգային երեկոյին մասնակցելու են Երվանդ Երզնկյանի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և բալետի խումբը: Լինելու են նաև էստրադային երգիչ-երգչուհիներ: Նրանց թվում է նաև երգչուհի Սյուզան Մարգարյանը, ով համերգին ներկայանալու է իր «Սերն անցավ» երգով, որը վերջերս կրկին վերաձայնագրվել է:
Երգչուհու խոսքերով` այն հանագամանքը, որ ավելի քան 25 տարվա պատմություն ունեցող երգը սիրվել է նաև երիտասարդների կողմից, ցույց է տալիս, որ Ա. Սաթյանի երաժշտությունը ժամանակ չի ճանաչում: Իսկ իր և կոմպոզիտորի ընկերությունը այնքան հին է, որքան և այդ երգը:
Բացի էստրադային կատարումներից` համերգին հնչելու են նաև կոմպոզիտորի դասական ստեղծագործությունների որոշ հատվածներ: Հարցին, թե ինչու է վերջին շրջանում պասիվացել Ա. Սաթյանի գործունեությունը, կոմպոզիտորը նշեց, որ ստեղծագործական պասիվություն իր մոտ չի եղել. պարզապես վերջերս աշխատում է դասական ստեղծագործությունների վրա, որոնք երկար ժամանակ են պահանջում:
«Ես աշխատում եմ տարբեր ժանրերում: Կարող եմ պասիվ լինել երգարվեստում, բայց ակտիվ լինել ուրիշ ժանրերում»,-հավելեց կոմպոզիտորը:
Վերջինս նաև հավելեց, որ իր համերգին մասնակցելու են նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր միջազգային մրցույթների դափնեկիրներ են, ելույթ են ունենում արտերկրում, սակայն Հայաստանում նրանց շատ քչերն են ճանաչում:
«Ես կարծում եմ, որ մենք ունենք առողջ սերունդ, որը շարաունակում է մեր ավանդույթները», - հավելեց Ա. Սաթյանը:
Ըստ կոմպոզիտորի` Հայաստանում էլ կան բազմաթիվ շնորհալի երիտասարդներ, սակայն նրանց համար պետք է ստեղծել ստեղծագործական դաշտ: Իսկ երիտասարդությունն այժմ լսում է այն, ինչ իրեն մատուցվում է, որը միշտ չէ, որ որակյալ երաժշտություն է: Իսկ երաժշտությունը իր մեջ ներառում է դաստիարակչական տարրեր, և ունկնդրի ականջը պետք է սովորի որակյալ երաժշտությանը:
«Արվեստագետը կամաց-կամաց է հասունանում: Պետք է աջակցել նրանց, ովքեր կան: Ցավոք, երաժշտության մեջ երիտասարդներին այնպես չեն աջակցում, ինչպես սպորտում», - հավելեց Արամ Սաթյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել