HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելգիայում ստեղծվեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիա

Բելգիայի Անտվերպեն քաղաքում օրերս կայացել է Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների, միությունների, այլ կառույցների ղեկավարների հիմնադիր ժողովը, որը քննարկեց Անտվերպենի «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության առաջարկը` Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիա ստեղծելու մասին:  Խոսելով հարցի հրատապության մասին` «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանը հիմնավորեց ֆեդերացիայի ստեղծման անհրաժեշտությունը, խոսեց առկա խնդիրների մասին, կարեւորեց հայրենիք - սփյուռք կապերի ամրապնդումը եւ հարցը դրեց քննարկման: Նախապես ֆեդերացիայի մեջ մտնելու ցանկություն հայտնած 18 կազմակերպությունների ղեկավարներից ժողովին ներկա 14 նախագահներ արեցին մի խումբ առաջարկներ, քննարկվեցին իրար հետ գործելու հնարավորությունները, դպրոցական, կադրային, ֆինանսական եւ այլ հարցեր: Հիմնադիր ժողովը միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրեց «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության նախագահ, «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանին: Նորաստեղծ ֆեդերացիային հաջողություն մաղթեց եւ իր օրհնությունը տվեց բելգիահայոց հոգեւոր հովիվ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետ ընտրվեց վարչության կազմ, ճշգրտվեցին բաժանմունքները, գործունեության ծրագրերը: Ժողովին իր մասնակցությունն էր բերել Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, որը խոսեց հնգամյա պատմություն ունեցող իրենց ֆեդերացիայի փորձի, ծրագրերի ու համագործակցելու մասին: Ֆեդերացիա ստեղծելու գաղափարը արծարծվել է Բենելյուքսի երկրներում Հայաստանի  Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի եւ Գեւորգ Մինասյանի հանդիպման ժամանակ: Ֆեդերացիայի ղեկավարությունը կարծում է, որ իր կազմի մեջ առաջիկայում կընդգրկվեն հայկական այլ կառուցներ եւ ոչ հայկական կազմակերպություններ, որոնք տանում են հայանպաստ աշխատանքներ: Հաջողություն նորաստեղծ ֆեդերացիային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter