HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Դովեղցի շրջանավարտն ուզում է փոխել իրենց գյուղի տեղը. «Դժվար է անընդհատ ապրել սահամանամերձ գյուղում»

Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի աշակերտների թիվն աստիճանաբար նվազում է։ Այս տարի առաջին դասարանում սովորում է 6 երեխա։ Խորհրդային տարիներին կառուցված դպրոցը նախատեսված է եղել շուրջ 300 աշակերտի համար և պետք է ընդուներ աշակերտներ նաև շրջակա բնակավայրերից։ Սակայն այժմ այստեղ սովորում է մոտ 100 աշակերտ։ Երեք հարկանի դպրոցի  երրորդ հարկն անգամ չի օգտագործվում։

Դպրոցի ուսմասվար Անժիկ Բուդաղյանի խոսքերով՝ աշակերտների թիվը սկսել է նվազել հատկապես վերջին 3 տարիների ընթացքում, ինչն ազդում է նաև կրթության վրա։ Աշակերտների քանակի պատճառով է, որ դպրոցի 3-րդ և 4-րդ, 5-րդ և 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանները միացվել են։ Օրինակ՝  3-4-րդ դասարաններում միասին սովորում է ընդամենը 7 երեխա։ Սակայն առաջին և երկրորդ դասարանցիները սովորում են առանձին, որովհետև կա տառաճանաչության խնդիր։

«Ահագին դժվար է։ Ինչքան էլ չարչարվում ենք, բայց դե պարզ է, կրթական ոլորտում սա խնդիր է, երեխաների կրթական որակի վրա դա ազդում է», - ասաց դպրոցի ուսմասվարը։

Ուսուցիչները մի դասարանին առաջադրանք են տալիս, մյուսին՝ դաս բացատրում, եւ ժամանակը չի բավարարում լիարժեք դասի համար, երբ մեկ դասասենյակում երկու տարբեր դասարաններ ու կրթական ծրագրեր են դասավանդվում, և ուսուցիչը 45 րոպեում ստիպված է երկու դաս անցկացնել։ Դժվար է նաև աշակերտների համար։ Դասարաններից  յուրաքանչյուրը ստիպված է ամեն տարի հարմարվել իր նոր դասարանցիների հետ:  

Ա. Բուդաղյանի խոսքերով՝ իրենք փորձել են այդ դասարանները նաև առանձին պարապել, սակայն դա խնդրի լուծում չէ։ Ուսմասվարը նշեց, որ երկդասարանների համար դպրոցը ստանում է մեկ դասարանի ֆինանսվարում։ Այսինքն՝ «վերևներից ասում են», որ իրենց ընտրությունն է, թե ինչպես կպարապեն՝ միասին, թե առանձին, արդյունքում ստանալու են մեկ դասաժամի համար նախատեսված գումար։ Այդ համակարգից դժգոհ ուսուցիչները ցանկանում են, որ իրենց ընդառաջեն և հնարավորության տան դաս տալ առանձին դասարաններում։  

Դպրոցը չունի մասնագետների պակաս, սակայն ուսուցիչների դասաժամերը շատ քիչ են, աշխատավարձերը՝ աղքատիկ։ Չնայած խնդիրներին` դպրոցի կրթական մակարդակը բավականին բարձր է: Գյուղի դպրոցի շրջանավարտների մեծ մասը հետագայում շարունակում է ուսումը տարբեր բուհերում։ Սակայն շատերը սովորելուց հետո մնում են Երևանում` աշախատելու, որովհետև նրանց «գյուղում պահող բան չկա»։

Այս հանգամանքն անմիջականորեն ազդում է գյուղի բնակչության թվքանակի վրա։ Գյուղից  արտերկիր տեղափոխվողները շատ քիչ են։ «Մեր Դովեղը փոքր գյուղ է, բայց կարելի է ասել՝ հերոս գյուղ է, որովհետև ինչքան մարդկանց վիճակը վատ է եղել, դուրս եկող, Ռուսաստան գնացող չի եղել», - նշեց Ա. Բուդաղյանը։

Դպրոցը  չի վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Անձրևային եղանակներին տանիքից ջրերը ներս են լցվում:  Շենքը մեծ է, տանիքի վերանորոգումը մեծ գումարներ է պահանջում, դպրոցը չունի նման ֆինանսավորում։ Դպրոցն ունի մեծ սպորտդահլիճ, սակայն դրա տանիքը նույնպես վատ վիճակում է։ Դպրոցի աշխատակզամը փորձում է իրենց միջոցներով փակել, ծածկել որոշ հատվածներ, բայց դա փրկություն չէ։ Դահլիճը չունի նաեւ գույք։ Այդ պատճառով էլ ցուրտ ամիսներին աշակերտներին դասասենյակներում շախմատ կամ շաշկի են պարապում։

Դպրոցի 12-րդ դասարանում սովորում է 12 աշակերտ՝ 6 աղջիկ և 6 տղա։ Աշակերտներից մեկի խոսքերով՝ իրենք այդքան էլ չեն նեղվում իրենց փոքր թվաքանակից:  Հարցին, թե ինչը կցանկանային փոխել իրենց գյուղում՝ տղաներից մեկը` Հակոբ Գասպարյանը պատասխանեց՝  «գյուղի տեղը», որովհետև դժվար է անընդհատ ապրել սահամանամերձ գյուղում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter