HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի գյուղապետերը քլոր ունեն, բայց ջուրը ժամանակին չեն ախտահանում

«Հետքը» մի քանի հրապարակումներով անդրադարձել էր Արագածոտնի մարզի խմելու ջրի վատ որակին: Նշել էինք, որ ջուրը տեւական ժամանակ չէր քլորացվում, եւ կային որակի էական խախտումներ: Ջուրն արդեն քլորացվում է, սակայն որոշ գյուղապետեր պարզապես ալարում են դա անել: Այսօրվա մարզխորհրդի նիստի ժամանակ Արագածոտնի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը եւս մեկ անգամ համայնքապետերին հորդորեց ջուրը քլորացնել, այլապես ինքն անձամբ կհորդորի սանեպիդկայանին, որ թերացող համայնքապետերին տուգանեն ոչ թե սահմանված նվազագույն տուգանքի չափով` 40 000 դրամ, այլ 100 000 դրամով: «Գրեթե բոլորդ քլորակիր եք ներկրել, բայց քլորացման պրոցեսը չեք կատարում: Եթե չեք քլորացնում, բա ինչի՞ եք բերել: Հատկապես այս եղանակային պայմաններում ջուրը պարտադիր պետք է քլորացվի: Եթե համայնքի համար սանեպիդկայանը գրություն ուղարկեց, ու եթե պարզենք, որ այդ համայնքը քլոր ունի, բայց չի քլորացնում ջուրը` խիստ պատժելու ենք: Դրա համար բարի եղեք ձեռք բերած քլորով ջուրն ախտահանեք: Էնպես չի, որ ցույց տաք, թե տեսեք-տեսեք քլոր ենք բերել»,-համայնքապետերին դիմեց Ս. Հովսեփյանը: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզի տարածքային կենտրոնի պետ Ազնիվ Թորոսյանը «Հետքին» փոխանցեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է մարզի խմելու ջրի որակը, եւ այս պահին շեղումներ չկան: «Միակ խնդիրը մարզի Ավան համայնքի կապտաժների անմխիթար վիճակն է: Գյուղապետը միշտ էլ ջուրը քլորացնում է, բայց քանի որ կապտաժները վնասված են, քլորը չի կարող իր դերը կատարել: Այստեղ լուրջ ներդրում է պետք անել: Դիմել ենք պատկան մարմիններն, հուսով ենք` 2010-ին կվերանորոգեն»,-ասաց Ա. Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter