Բողոքի ակցիաներ` Թալին, Ապարան և Աշտարակ քաղաքներում
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դեկտեմբերի 26-ին մեկնեցին Թալին, Ապարան և Աշտարակ քաղաքներ: Նշված քաղաքներում, ըստ նախօրոք հայտարարված ծրագրի, անցկացվեցին բողոքի գործողությունները` ընդդեմ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»:
Ինչպես նշվում է ակցիայի մասնակիցների տարածած մամուլի հաղորդագրության մեջ, հայրենասիրական երգերով ու բարձրագոչ վանկարկումներով և տարբեր բովանդակությամբ պաստառների ցուցադրությամբ ուղեկցվող ակցիա-քայլերթին ակներև հետաքրքրությամբ հետևում, ապա միանում և իրենց համաձայնությունն էին հայտնում հարյուրավոր քաղաքացիներ:
«Մենք բողոքի գործողություններն ամբողջովին իրականացրինք, ինչի շնորհիվ այս անգամ արդեն Թալին, Ապարան եւ Աշտարակ քաղաքների մեր հայրենակիցներին ահազանգեցինք այն վտանգավոր զարգացումների մասին, որոնք սպառնում են Հայաստանին ու հայ ժողովրդին` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու և «մադրիդյան սկզբունքները» ընդունելու դեպքում, որից, սակայն, կշահեն վաշխառուական հոգեբանությամբ իշխանական խմբակները, որոնք հսկայական անջրպետ են առաջացրել իրենց ու ողջ հայության միջև` այդ կերպ օժանդակելով ու սպասարկելով միջազգային ուժերի շահերը, ինչի արգասիքն են հակահայ արձանագրություններն ու սկզբունքները»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ապարան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներին են մոտեցել տեղի ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձել են խոչընդոտել խաղաղ գործողությունը: Ոստիկանները, հասկանալով, որ ցուցարարները գործում են իրենց իրավունքների սահմաններում, ասել են, թե Ապարանի գլխավոր մայրուղին միջազգային նշանակության է, և բողոքի գործողություններն արգելվում են:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ հեռուստաընկերություններ, չնայած պատշաճ կերպով ծանուցված էին ակցիայի մասին, այս անգամ ևս չլուսաբանեցին բողոքի գործողությունը` այսպիսով, փաստորեն, մեկ անգամ ևս հաստատելով, որ եթերից համակողմանի անաչառ լրատվություն հաղորդելն ու ազատ խոսքի իրենց պատկերացումներն ամբողջությամբ համընկնում են Բաղրամյան 26-ում հանգրվանած անձանց պատկերացումների հետ:
«Հատուկ ուզում ենք հավելել, որ, բողոքի գործողությունների ավարտից հետո, ներշնչված լինելով մեր հայրենակիցների ջերմ համակրանքից ու ազգադավ ծրագրերին դիմադարձելու նրանց վճռականությունից, ՀՀ բոլոր մարզերում ու քաղաքներում հետագայում ևս շարունակելու ենք մեր բողոքի գործողությունները` ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել