HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՄԻՊ-ին հասցեագրված դիմումներում խոշտանգումների մասին բողոքներ չկան

Այսօր տեղի ունեցավ «Խոշտանգումներ և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի» (CPT) 2010թ.-ի զեկույցի և «ՄԻՊ գործունեությունը որպես ազգային կանխարագելիչ մեխանիզմ»-ի մասին քննարկում: Այն կազմակերպել էին «Մարդու իրավունքների ազգային ցանցը», «Փենալ ռեֆորմ ինթերնեշանալը» (PRI), «Բաց հասարակությունների հիմանադրամները», «Քաունթեփարթ ինթերնեյշնըլ», «Գործընկերության հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

CPT ներկայացուցիչների այցը Հայաստան սովորաբար լինում է 4 տարին մեկ, որից հետո նրանք ՀՀ կառավարությանն են ներկայացնում երկրում կատարվող խոշտանգումների և անմարդակային վերաբերմունքի մասնի իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Սակայն Հայաստանում տեղի ունեցող երևույթների պատճառով CPT ներկայացուցիչները երկու անգամ` 2002 և 2008 թթ.-ին արտահերթ այցելել են Հայաստան:

«Բաց հասարակությունների հիմանադրամներ»-ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը նշեց, որ հանդիպման նպատակն է լայն քննարկման առարկա դարձնել հասարակությանը հուզող բոլոր խնդիրները, հատկապես՝ բանակում տեղի ունեցող բացասական երևույթները:

«Քաունթեփարթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչ Ալեքս Սարդարն իր խոսքում նշեց, որ Ցեղասպանություն տեսած ժողովրդի մոտ չպետք է նման քննարկման կարիք լիներ: Իսկ այժմ պետք է փնտրել իրավիճակից դուրս գալու լուծումներ: Նա կարևորեց հասարակության և պետության միջև վստահության գործոնը, որը դեռևս չկա: Ըստ նրա` չպետք է հասարկությունը կռվի պետության դեմ և հակառակը, որովհետև այդ դեպքում Հայաստանը կռվում է Հայաստանի դեմ:

Հանդիպման ժամանակ ելույթներով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նախքան իր զեկույցին անցնելը՝ Կ. Անդրեասյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհված հայ զինվորների հիշատակը:

Անցնելով զեկույցին` Կ. Անդրեասյանը նշեց, որ մինչև չլինի արդար քննություն և վճիռ, չի լինի նաև Հայաստան՝ առանց խոշտանգումների: Ըստ նրա` այդ խոշտանգումների հիմնական պատճառներից մեկը բանակում տիրող վատ կարգապահությունն է: Պետք է գործի պատժելիության մեխանիզմը, այդ ուղղությամբ աշխատանքները լինեն բաց և հրապարակային, չնայած կա նաև բանակում որոշ հանգամանքների գաղտնիության սկզբունքը:

ՄԻՊ-ը նաև ներկայացրեց բանակում տեղի ունեցող խախտումների մասին իրենց գրասենյակ դիմած դիմումների վիճակագրությունը:

2005թ.` 62 դիմումից դրական լուծում է ստացել 2-ը, 2006թ.-ին`26-ից 2-ը, 2007թ.-ին՝ 10-ից 4-ը, 2008թ.-ին` 37-ից 8-ը, 2009թ.-ին` 51-ից 15-ը, 2010թ.-ին` 31-ից 9-ը: Իսկ արդեն 2011թ.-ին` իր գործունեության ընթացքում 50-ից 26-ը:

Կ. Անդրեասյանը նշեց, որ պետք է վերականգնել մարդկանց վստահությունը ՄԻՊ-ի նկատմամբ: Միաժամանակ, նշյալ դիմումների մեջ չկան բանակում կատարվող խոշտանգումների վերաբերյալ բողոքներ, որովհետև շատերը վախենում են, որ դրա պատճառով կփորձեն իրենցից վրեժ լուծել:

Հարցին, թե ինչ ասել է դրական լուծումներ, ՄԻՊ-ը նշեց, որ դրանք կապված են զինվորի առողջական վիճակի, զորացրման և նմանատիպ այլ հարցերի հետ: Նա հավաստիացրեց, որ եթե կա կոնկրետ բողոք, կա նաև արդյունք: Սակայն միշտ չէ, որ բողոքողները ներկայացնում են ճիշտ տեղեկատվություն:

ՄԻՊ-ին իր գործը վերաբացելու խնդրանքով դիմեց Հայկ Պետրոսյանը, ով նշեց, որ 1998թ.-ին զոհված զինվորի հայր է: Նրա խոսքերով` զինվորական դատախազն ամեն կերպ փորձել է դեպքը քողարկել, գործով վկաներին ստիպել են փոխել իրենց վկայությունները կամ ուղարկել են երկից դուրս, իսկ գործը խեղաթյուրելուց հետո փակել են: 2001թ.-ին նա դիմել է Եվրոպական դատարան, սակայն նրա գործը մերժվել է, որովհետրև այդ ժամանակ ՀՀ դեռևս չի հանդիսացել Եվրադատարանի անդամ պետություն: Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ դժվար կլինի իրավաբանորեն վերակագնել գործի քննությունը, քանի որ բավականին երկար ժամակ է անցել, սակայն այդ հարցը կարելի է լուծել հասարակական բողոքների ու ճնշումների շնորհիվ:

Կ. Անդրեասյանը կարևորեց նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքը ՀԿ-ների հետ: Նա նշեց, որ գուցե հիմա վստահությունն իրենց գրասենյակի հանդեպ այնքան մեծ չէ, որքան ՀԿ-ների, բայց թերեւս այդ պատճառով էլ իրենց համագործակցությունը կլինի արդյունավետ: Նա կոչ արեց բոլորին, ովքեր գիտեն խոշտանգումների, մարդու իրավունքների խախտման մասին դեպքեր, դիմեն ՄԻՊ գրասենյակ, որովհետև իրենք ունեն ավելի մեծ լիազորություններ նմանատիպ հարցերը լուծելու համար:

Ինչ վերաբերում է ՄԻՊ աշխատանքների արդյունքերին, Կ. Անդրեասյանը նշեց, որ դժգոհ է թե իր և թե իր նախորդների աշխատանքից, որովհետև իրենք աշխատում են, բայց խոշտանգումները դեռևս շարունակվում են: Այժմ նրանք ստեղծել են խորհուրդ, որին միացել են 7 ՀԿ-ներ: Այդ խորհուրդը փորձելու է պարբերաբար այցելել փակ հաստատություններ, կատարել ուսումնասիրություններ, հետևել, թե որ փակ հաստատությունում ինչ իրավիճակ է և համապատասխան քայլեր ձեռնարկել:

Կ. Անդրեասյանը նշեց, որ այդ ամենի համար իրենք ուզում են ստանալ որոշակի ֆինանսավորում, որն իրենց հասնում է օրենքով և պայքարել տարբեր փակ հաստատատություններում  (մանկատուն, ծերանոց, քրեկատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ և այլն) առկա խոշտանգումների դեմ:

Սակայն այժմ Կառավարությունում նկատվում են հակառակ միտումները: Բացի դրանից` նախտեսվում է, որ հոկտեմբերից կսկսկի գործել «արագ արձագանքման ծառայության» թեժ գիծը: Այն ուղղված կլինի բռնությունների կանխարգելմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter