Ամանորը Կալկաթայի հայկական ծերանոցում
Դեկտեմբերի 30-ին Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը ճեմարանի մի խումբ սաների ընկերակցությամբ Ամանորյա հանդիսությունները մեկնարկեց առաջինը այցելելով Կալկաթայի հայկական ծերանոց, որը կրում է մեծ բարերար և հայրենասեր Պոլ Չաթերի (Խաչիկ Պողոս Աստվածատուրյան) անունը:
Ծերանոցն ունի 13 բնակիչ, որոնք, առավել քան երբևէ, այսօր ուշադրության և հոգածության կարիք ունեն: Ճեմարանականներն իրենց զվարթ երգ ու տաղով ուրախություն պատճառեցին տարեցներին և վերջիններիս հանձնեցին Ամանորի առիթով նախատեսված նվերները:
Հայր Խորենը շնորհավորեց ծերանոցի բնակիչներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ և հավաստիացրեց, որ այսուհետ ևս իր առավելագույնը կանի` լրացնելու որդիների և թոռների բացակայությունը, փարատելու այն կարոտը, որ նրանք ունեն:
«… ձեր ճերմակ մազերը վկան են ձեր այն վաստակի, որին անհրաժեշտ է ուշադրություն, սեր, ջերմություն: Ու ես` ոչ միայն իբրև Հնդկահայոց հոգևոր հովիվ, այլ իբրև զավակ, կլինեմ միշտ ձեր կողքին, ձեր հետ»,- իր խոսքը եզրափակեց Հայր Սուրբը: Այս մասին հայտնում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել