HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ողջամիտը» դուրս է ողջամտության շրջանակից

30_11-A-Papyan

Խոսելով հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների վավերացման հնարավոր ժակետի մասին` իրենց քաղաքական գործիչ համարող որոշ պաշտոնյաներ խրոխտ ձայնով հայտարարում են, որ հայ-թուրքական, ըստ իրենց, կարգավորումը պետք է տեղի ունենա «ողջամիտ ժամանակահատվածում»: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում պարզելու` արդյո՞ք միջազգային իրավունքի մեջ առկա է «ողջամիտ ժամանակահատված» հասկացության հստակեցված տևողություն:

«Ողջամիտ ժամանակահատված» եզրույթն ունի թեև ոչ հաճախադեպ, սակայն որոշակի կիրառություն միջազգային հանրային իրավունքի մեջ: Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (European Convention on Human Rights) 5-րդ և 6-րդ հոդվածներն երաշխավորում են կալանքի կամ ձերբակալության մեջ գտնվող անձի դատավարությունը «ողջամիտ ժամանակահատվածում»: (“Everyone arrested or detained … shall be entitled to trial within a reasonable time or release pending trial”. Articles 5(3). “Everyone is entitled to a fair and public hearing within a reasonable time”. Article 6(1) (Basic Documents in International Law, (ed. Ian Brownlie), Oxford, 1989, p. 323): Ակնհայտ է, որ նման ձևակերպումն ունի բավարար ճկունություն և հնարավորություն է տալիս վերոհիշյալ բազմակողմ փաստաթուղթը դարձնել առավել ներառական և այն կիրառելի դարձնել դատական տարբեր համակարգերի համար: Այսուհանդերձ, «ողջամիտ ժամանակահատված» բառակապակցության գործածումը երկկողմ փաստաթղթերում, որտեղ ամրագրվում են միայն փախադարձ պարտավորություններ, տրամաբանական և բնավ ցանկալի չէ: Առավել ևս, հաշվի առնելով թուրքերի սեփական պարտավորություններն ուրանալու և խոսքը դրժելու դարավոր ավանդույթը` նման բան ընդհանրապես անընդունելի է նրանց հետ հարաբերություններում: Բելգիացի ժամանակակից մեծագույն իրավագետ Օլիվիյեր Քորտենը (Olivier Corten) «ողջամիտ» եզրույթի հիմնական բնութագրիչն իրավացիորեն համարում է նրա «վերացական երկիմաստությունը» (profound ambiguity) (Oliver Corten, The Notion of “Reasonable” in International Legal Discourse, Reason and Contradictions, The International and Comparative Law Quarterly, (Cambridge University Press), vol. 48, No. 3 (Jul. 1999), p. 613): Այսինքն` միջազգային հարաբերություններում նման ժամկետորոշիչի գործածումը որևէ հստակեցում չի մտցնում երկկողմ փաստաթղթի կիրարկման հարցում: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (UN International Court of Justice) Մայրցամաքային ափեզերքի (Թունիսն ընդդեմ Լիբիայի) դատական գործի մեջ մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը. «որևէ դատական գործում որոշելը` ի՞նչն է ողջամիտը և անաչառը, պետք է կախված լինի տվյալ գործի հանգամանքներից» (“what is reasonable and equitable in any given case must be depend on its circumstances”) (Continental Shelf (Tunisia/Libyan Arab Jamahiriya) I.C.J. Re. 1982, para. 60): Այսինքն` ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը միանշանակորեն ամրագրել է, որ «ողջամիտ» հասկացությունը խիստ հարաբերական է և միջազգային հանրային իրավունքի մեջ այն չի կարող ունենալ համընդգրկուն և միանշանակ մեկնաբանություն: Այսինքն` եթե հայկական կողմի համար «ողջամիտ» ժամանակահատվածը տրամաբանորեն, օրինակ, կարող է լինել երեք ամիսը, ապա նույնքան տրամաբանորեն «ողջամիտը» թուրքական կողմի համար կարող է լինել երեք տարին:

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 4 հունվարի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter