HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուխտագնացություն Հնդկաստանի հայ գաղութի ամենահին կանգուն եկեղեցի

Հունվարի 10-ը Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Չինսուրա (Չիչրա) բնակավայրում գտնվող Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրն էր: Կալկաթայի հայ համայնքը` մասնակցությամբ ճեմարանի սաների և ուսուցիչների, ուխտի է գնացել Կալկաթայից 65 կմ հեռավորության վրա գտնվող վերոհիշյալ եկեղեցին: Ինչպես հայտնում է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգը, Չինսուրա բնակավայրը ժամանակին եղել է նշանավոր առևտրային կենտրոն: 1695թ. կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին համարվում է Բենգալիայում կառուցված երկրորդ հնագույն քրիստոնեական եկեղեցին, իսկ Հնդկաստանի հայ գաղութի կանգուն եկեղեցիների շարքում` առաջինը: Եկեղեցու տարածքում գտնվող հնագույն գերեզմանատանը պահպանվել է հայատառ 180 գերեզմանաքար: Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցում պահվող Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը տարին մեկ անգամ է դուրս բերվում` Սրբի ուխտի օրը: Օրվա պատարագիչն էր Հնդկահայոց հոգևոր հովիվ Հայր Խորեն Հովհաննիսյանը: Հընթացս պատարագի Հայր Խորենը Ս. Հովհաննես Մկրտչի Ոսկե Աջով օրհնեց ներկաներին և իր պատգամը փոխանցեց հավատացյալ հայորդիներին: Ուխտագնացությունը հոգևոր վերանորոգության և վերազարթոնքի առիթ եղավ հնդկահայերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter