Արմեն Ռուստամյան. «Հայ-թուրքական արձանագրությունները հակասում են մեր պետական շահերին»
«2010թ. հունվարի 12-ին ՍԴ-ն քննության առավ հայ-թուրքական հարաբերությունների արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այսպիսով, մեկնարկեց ՀՀ անվտանգությանը սպառնացող, Սահմանադրությամբ հաստատված, համազգային նպատակներին հակասող դրույթներ ներառող մեր պետական ընթացակարգը»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով` ՀՅԴ-ի համար անընդունելի էր արձանագրություններում տեղ գտած թուրքական 3 նախապայմաններին միտված դրույթները` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ձախողում, Հայաստանի եւ Թուրքիայի գործող սահմանը ամրագրող իրավական հիմքերի ձեւավորում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների եւ ղարաբաղյան գործընթացի փոխկապակցում:
«Մենք համոզված էինք եւ ենք, որ ՀՀ ՍԴ-ն, հանգամանորեն վերլուծելով բոլոր փաստական հիմքերը, բավական հիմք ուներ այս արձանագրությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող: Ցավոք, նման բան տեղի չունեցավ: Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ ե´ւ Հայաստանում, ե´ւ սփյուռքում ազգային պետական շահերը վտանգող արձանագրությոնների դեմ ընդվզումն օր օրի տալիս է իր դրական արդյունքները: Արձանագրությունները ՀՀ արտգործնախարարի վատ աշխատանքի արդյունքն է, եւ սա հիմք է, որ նրան ազատեն իր պաշտոնից»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Նա շեշտում է, որ ՍԴ-ն իր արտահայտած դիրքորոշման մեջ նշում է, որ այդ արձանագրությունների միակ եւ բացարձակ նպատակը դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է. «ՍԴ-ն ամրագրել է, որ այդ արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի պետական նշանակություն, եւ ՀՀ-ն չի կարող ստանձնել 3-րդ երկրին վերաբերող որեւէ պարտավորություն, որ այդ արձանագրությունների նպատակը սահմանների հաստատումը չէ, իսկ Հայոց ցեղասպանության հետ կապված Հայաստանի կողմից ստանձնվելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության դրույթներին, դրա վերաբերյալ Հայաստանի որդեգրած քաղաքականությանը»:
Ռուստամյանի խոսքերով` ԱԺ-ի որոշման վրա ճնշում գործադրելու նպատակով իրենք անցկացրել են ստորագրահավաք. «Մենք նախատեսում էինք, որ ՍԴ-ը նման կերպ կվարվի, դրա համար էլ անցկացրել ենք այդ ստորագրահավաքը: Արդեն 70 հազար ստորագրություն ունենք: Ես ինքս էլ որքան ծանոթ պատգամավոր գիտեմ, համոզելու եմ, որ իբրեւ հայ մարդ` չվավերացնեն այդ արձանագրությունը կամ վավերացնեն` վերապահումներով»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել