Պետծառայողները ֆրանսերենի դասընթացների կմասնակցեն
Այսօր մեկնարկել է ՀՀ պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը:
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` 2009 թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջև ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Française-Arménie) կենտրոնի կողմից իրականացվող ֆրանսերեն լեզվի դասընթացները:
Դասընթացները, որոնց մասնակցելու է ավելի քան 70 պաշտոնյա, նախատեսված են հիմնականում ՀՀ նախարարությունների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերում ընդգրկված պետծառայողների համար:
Ֆրանսերենի ուսուցման այս ծրագիրը նպատակ ունի բարելավել միջազգային համագործակցության ոլորտում ներգրավված ՀՀ դիվանագետների և պետծառայողների ֆրանսերենի իմացության մակարդակը, որի մասին Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել