Ստուգումներ են անցկացվում
ՀՀ իշխանությունների որոշմամբ` արդեն մի քանի օր է, ինչ Գյումրու Մուշ 2 թաղամասում, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նորակառույց բնակելի շենքերի սեյսմակայունության համալիր ստուգումներ են սկսել անցկացնել «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հունվարի 18-ին նման պահանջով բաց նամակ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին: Նամակում մասնավորապես ասվում էր. «2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին»:
«Շիրակ կենտրոնը» 2009 թ. դեկտեմբերի 1-ից Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում հանդիպումներն ու դիտարկումները ցույց տվել, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն «Գլենդել Հիլզի» շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից:
Այնուհետև «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն նույն նամակով առաջարկել էր որ ստեղծվի մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի:
Այս մասին տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» հ/կ-ի մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել