
«Հայ-թուրքական արձանագրությունների միջոցով իշխանություններին հաջողվեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներքին կյանքից, կոռուպցիան մեր կյանքում փթթում է, մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք ներքին կյանքին, քանի որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է հենց Հայաստանի ներսում»,- ասում է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` հեշտ է ամեն օր խոսել հայ-թուրքական հարաբերություններից եւ ուշադրություն չդարձնել ներքին խնդիրներին: «Այսօր Հայաստանը մեր ձեռքից բաց ենք թողնում, օր օրի Հայաստանը թուլանում, լքվում եւ ծերանում է: Այսպիսի իրավիճակում մենք չենք կարող դիմակայել արհավիրքներին: Առավել եւս որ հայ-թուրքական հարաբերությունների պատճառով ազգի ներսում էլ պառակտումններ տեղի ունեցան»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետը:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ում լրագրողները հարց ուղղեցին, թե արդյոք իշխանությունը չօգտվե՞ց ստեղծված իրավիճակից` Դաշնակցությանը ընդդիմություն «դարձնելու» համար: «Ոչ միայն մեզ համար, այլեւ բոլորի համար ձեռնտու է ուժեղ ընդդիմություն ունենալը»,- պատասխանեց Գագիկ Մելիքյանը:
Նա ընդդիմություն է համարում Դաշնակցությանը, «Ժառանգությանը» եւ Հայ ազգային կոնգրեսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել