7 պատգամավորով օրենքի նախագիծ էին քննարկում
Այսօր Ազգային ժողովն ընդամենը 7 պատգամավորով քննարկեց «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակտիվ էին միայն «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մի քանիսը: Առավոտյան հերթագրվել էին 91 պատգամավոր, իսկ 30 րոպե անց նրանց թիվը նվազելով հասավ 7-ի:
Ըստ օրինագծի` մինչեւ 5000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում, եւ կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:
Օրենքում փոփոխություն կատարելը վերաբերում է միայն մինչեւ 1000 քառակուuի մետր համապատասխան ոլորտների տնտեսությունները մինչեւ 5000 քառակուսի մետրով փոփոխելուն:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մտավախություն հայտնեց, որ օրենքի այս փոփոխությունը կբերի նրան, որ գյուղացին այլեւս հող չի ունենա եւ դրա հետեւանքով կլքի գյուղը: Ինչ վերաբերում է առաջարկվող հողի չափին, ապա, պատգամավորի ասելով, գյուղացին նույնիսկ մեծ դժվարությամբ կարող է 1000 քմ-ի վրա շինարարություն անել եւ վարել, ասենք, ջերմոցային տնտեսություն, էլ ուր մնաց 5000 քմ-ի վրա շինարարություն սկսելը:
«Ընդամենը հնարավորություն ենք տալիս ներկա եւ նախկին պաշտոնյաներին, արդեն ավելի քիչ գումար ծախսելով, զարգացնել իրենց գյուղատնտեսական բիզնեսը: Սա գյուղացիների հետ բացարձակ կապ չունեցող օրինագիծ է եւ ընդամենը խոշոր տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռելու մտնել գյուղատնտեսության ոլորտ, եւ այս օրինագիծը հենց այդ օրինագծերի շարքից է»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն ասաց, որ այս օրինագիծը վերաբերում է անհատ գյուղացիներին, որոնք չեն կարողանում իրենց հողը մշակել: «Այն հարուսները, մոնոպոլիստները հողի կատեգորիան կփոխեն եւ իրենց համար դղյակներ էլ կսարքեն, ջերմոցներ էլ կսարքեն: Հողը չի կարողանում պահել գյուղացուն, ուրեմն այստեղ խնդիր կա, գյուղացին պետք է կարողանա հողը պահել»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Պատգամավորի ասելով, հայաստանյան եղանակային պայմաններում ոչ մեկին մեղադրել հնարավոր չէ, եւ անձրեւի ու կարկուտի դեմ նույնիսկ ամպացրիչ սարքավորումները չեն կարող օգնել:
«Ընդամենը հնարավորություն ենք տալիս մարդկանց, որ մի փոքր ջերմոց ունենան, որ կարողանան գոնե իրենց գերդաստանը պահել: Սա քաղաքականություն է»,-ավելացրեց պատգամավորը:
Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց նաեւ գյուղացիներին իրենց տնտեսությունները զարգացնել նաեւ վարկերի միջոցով: Հավանաբար պատգամավորը տեղեկացված չէ, որ գյուղացին այսօր «տառապում» է այդ վարկերի պատճառով: Շատերը կորցրել են իրենց հողը, տունը եւ լքել են երկիրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել