
Դիմում-խնդրանք՝ նախագահին
Մեծարգո Սերժ Սարգսյան,
Թույլ տվեք մեզ՝ մի խումբ մտավորականներիս ու հասարակական կազմակերպություններիս, դիմել Ձեզ մի մարդասիրական խնդրանքով:
Վերջին տարիներին տեղական մամուլում հաճախ է արծարծվում Հայաստանում ցմահ ազատազրկվածների հարցը: 2009 թ.-ին 13.000 քաղաքացիների ստորագրությամբ դիմում հանձնվեց ՀՀ նախագահի նստավայր, Հանրային խորհուրդ, նաև պետկան ատյաններ, որտեղ ցմահ դատապարտյալները խնդրում են Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել Հայաստանում ցմահ ազատազրկվածների հարցին: Մտահոգիչ է, բայց և փաստ, որ ՀՀ-ում առկա են մոտ 100 ցմահ ազատազրկման դատապարտվածներ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, անդրադառնալով նույն խնդրին, նույնպես արտահայտեց իր մտահոգությունն այս հարցի առնչությամբ: Սլովենիան, օրինակ, մոտավորապես Հայաստանի չափ բնակչություն ունի, սակայն ցմահ դատապարտյալների թիվը վեցն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման նախադեպ չկա, մեզանում չի կիրառվում նաև ԴՆԹ թեսթը՝ որպես նմանօրինակ գործերի վերաբացման հիմք, /ինչպես արվում է արտերկրի շատ երկրներում/, ուստի խնդրում և առաջարկում ենք ներման ինստիտուտի միջոցով կատարել առաջին քայլը այս բարդ իրավիճակը մեղմելու համար:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտվածների ճակատագրին: Նրանք ընդամենը մի քանիսն են:
Չցանկանալով ստանձնել դատավորի դեր՝ այդուհանդերձ, հիշեցնենք, որ այդ դատավարություններն ընթացել են Հայաստանի նորանկախ հանրապետության ձևավորման առաջին տարիներին, որտեղ պետական համակարգերը սաղմնավորման փուլում էին:
2011 թ.-ը հոբելյանական է մեր 20-ամյա հանրապետության համար: Քաղաքակիրթ աշխարհում ներման ինստիտուտը տոների կապակցությամբ մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության ու մարդասիրության մասին:
Մեծարգո Սերժ Սարգսյան, ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ թախանձագին խնդրում ենք կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ դրանով իսկ փոքր-ինչ մեղմելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրը:
Հ.Գ. Դմում-խնդրանքի տակ ստորագրել են 30 մտավորական ու 8 հասարակական կազմակերպությունների նախագահներ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել