HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել

Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երեւան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Ինչպես փոխանցում է Կառավարության մամլո ծառայությունը, բացման խոսքում Տիգրան Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ նշել. «Համոզված եմ, որ մեր միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հիմքեր կձեւավորեն հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար։ Համաձայնագիրը, որը մենք այսօր կստորագրենք, ինչպես նաեւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, հնարավորություն կտան առավել մանրամասն քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բիզնես-նախագծերը։ Հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գրավական են մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված եղբայրական հարաբերությունները։ Հայ ժողովրդի պատմության դասագրքերում նկարագրվում են հայ-լեհական հարաբերությունները` սկսած 11-րդ դարից եւ լեհական ցարերի բարեհաճ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, որը ձեւավորվել էր Լեհաստանում, 14-րդ դարում Լեհաստանի Սեյմի կողմից հայ համայնքների իրավունքների օրենսդրական ամրագրումը, ինչպես նաեւ դատավարություն իրականացնելու յուրահատուկ հնարավորությունը` օգտագործելով Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» ստեղծագործությունը, որը մինչ օրս արդիական է, վկայում են այն մասին, որ մեր հարաբերությունները խոր արմատներ ունեն։ Այնպես որ կրկնակի հաճելի է ողջունել ձեզ Հայաստանում»։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց առաջին իսկ հանդիպումը ՀՀ վարչապետի հետ վկայում է հայ եւ լեհ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների դարավոր պատմության մասին։ Լեհաստանի վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներդրումը մեծ կարեւորություն ունեցող «Արեւելյան գործընկերություն» ծրագրում. «Ուրախ եմ, որ մեր առաջին իսկ զրույցի ընթացքում մենք կարողացանք առանձնացնել մի քանի շատ կարեւոր եւ հեռանկարային նախագծեր»։ Դոնալդ Տուսկը նաեւ նշել է. «Վստահ եմ, որ մեր միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, կապերը ձեռնարկատերերի միջեւ եւ այն համաձայնագիրը, որը մենք կստորագրենք, ինչպես նաեւ մեր փոխհամագործակցությունը «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, կարեւոր, շարունակական քայլեր են»։ Հանդիպման ավարտից հետո ստորագրվել է «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։ Համաձայնագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետների մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter