Ներսես Երիցյանը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին
Ի պատասխան երեկ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված գնահատականների` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանել է. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու վարչապետը»:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն «իր տեղում չի եղել, չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ էլ տնտեսական վիճակին»:
Հիշեցնենք նաև, որ վերջերս Ներսես Երիցյանը նշել էր, որ Հայաստանում ճգնաժամը հաղթահարված է, իսկ ըստ Ծառուկյանի` հնարավոր է ճգնաժամի երկրորդ փուլ սկսվի. «Աշխարհում ոչ ոք չի ասել, որ ճգնաժամն ավարտված է: Այն պետությունները, որ 4-6 տոկոս անկման տեղը աճ են ունեցել, չեն համարձակվում ասել, որ ճգնաժամն անցել է»:
Լրագրողի «Սերժ Սարգսյանին ասե՞լ եք այդ մասին» հարցին Ծառուկյանը պատասխանել է, թե նախագահը դա գիտի և համապատասխան քայլեր է ձեռնարկում։ «Ամեն ինչ չի կարելի երկրի նախագահի վրա թողնել։ Մարդ երկու հարյուր աշխատող ունի, չի կարողանում ինչպես հարկն է հետևել։ Պետք է հետևողական լինել և ծառայել ժողովրդին, ոչ թե ամեն ինչ վերագրել նախագահին»,– նշել էր Գ. Ծառուկյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել