Երեւանի մետրոպոլիտենը համալրվեց նոր շարժակազմով
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների նախօրյակին, Երեւանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ հաճելի ու սպասված անակնկալ է մատուցվել երեւանցիներին: Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղեւորասրահով նոր շարժակազմ:
Տոնական զարդարանքով նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել եւ առաջին ուղեւորներից մեկը եղել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթեւեկելու համար ամեն ինչ արված է:
Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաեւ ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում: Ի դեպ, նոր գնացքի մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով:
Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն էլ վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը: Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի: Նա նաեւ ընդգծել է, որ այս եւ համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մետրոպոիտեն կատարած շրջայցից հետո:
Ծրագրերի շարունակականության մասին եւս մեկ անգամ վստահեցրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Երեւանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել