«Ահազանգ Եվրոպայի խորհրդին»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ահազանգ Եվրոպայի խորհրդին» խորագրով նամակում մասնավորապես ասվում է. «16.03.2010թ. «BBC»-ով հեռարձակված` Թուրքիայում իբրև թե ապօրինի բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի մտքերը հնչեցին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացի, ԱՄՆ-ի և Շվեդիայի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման համատեքստում:
Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենազրկման և հայկական քաղաքակրթության ոչնչացման համար թուրքական պետության քաղաքական և ռազմական էլիտան բնավ չի ապաշխարում` ի տարբերություն Գերմանիայի, որն ընդունեց հրեաների Հոլոքոստը և որպես իր ծանրագույն մեղքի մասնակի հատուցում` եվրոպական քաղաքակիրթ երկրին վայել վարքագծով հնարավորինս հարգանք է ցուցաբերում զոհերի ժառանգներին: Իսկ Թուրքիա՞ն: Վաղը, եթե հարկ լինի, իմ երկրում ապօրինի ապրող այդ 100 հազար հայերին կասեմ` գնացեք ձեր երկիրը, նրանք իմ քաղաքացիները չեն` այս հայտարարությունը ոչ միայն հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետության ղեկավարին, ոչ միայն հալածանքներ կարող է սանձազերծել ազգային, կրոնական և այլ համայնքների հանդեպ, այլ նաև էությամբ եղեռնածին է:
Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, ի՞նչ կապ ունեն այլ երկրներն այս հարցի հետ, եթե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորող արձանագրություններ են ստորագրում` ԵԽԽՎ նախագահ պարոն Չաուշօղլիի` օրերս արած այս հայտարարությունն էլ վկայում է, որ նա նույնպես սպասարկում է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական պետության քաղաքականությունը, և Թուրքիայի վարչապետի հանգույն` հանուն անձնակենտրոն և նեղ ազգային ամբիցիաների օգտագործում է եվրոպական կառույցի անունն ու հնարավորությունները:
Թուրքիայի ներկայիս տարածքը ներառում է Հայկական բարձրավանդակի մեծ մասը, որտեղ հազարամյակներով ապրել ու արարել է բնիկ հայ ժողովուրդը: Հայերի բնօրրանը զավթած Օսմանյան կայսրության իրագործած հայերի ազգասպանությունն ու Մեծ հայրենազրկումը տեղի ունեցան 1915 թվականին, ինչի հետևանքով տարագիր դարձած հայերի սերունդներն այսօր մի մեծ Սփյուռքահայ համայնք են կազմում` շուրջ 7 միլիոն հայ: Հրաշքով կենդանի մնացած արևմտահայերի ժառանգներից մեկն էլ ես եմ: Անցած դարասկզբին և այժմ Թուրքիայի տարածքում ապրող բնիկ ազգերի թվաքանակի առկա վիճակագրությունը ևս փաստում է, որ մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված Եղեռնը ունեցել է իր հանցագործ շարունակությունը:
Թուրքիայի ղեկավարները շանտաժի ու սպառնալիքների լեզվով են խոսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների հետ: Տարածաշրջանային ներդաշնակ համակեցության համար վտանգավոր է ազգայնամոլության սադրումը, որի զոհերից մեկն էլ ժողովրդավարության կայացման նվիրյալ Հրանտ Դինքն էր, ով բարձրաձայնում էր Թուրքիայի խարանի` Հայոց ցեղասպանության մասին:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրականացրած Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 95-րդ տարելիցը: Համոզված եմ, որ օրախնդիր հրամայական է` Եվրոպայի Խորհրդի առջև տեղադրված հրեաների Հոլոքոստի հուշարձանի հարևանությամբ կանգնեցվեն նաև Հայոց և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ:
Եվրոպայի Խորհրդին ուղղված ահազանգս ավարտում եմ կոչով` դատապարտեք ԵԽԽՎ անդամ որևէ երկրի ղեկավարների ազգայնամոլական հայտարարությունները և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից պահանջեք ուղիղ և ամբողջական առերեսվել սեփական պատմության` մարդկության և քաղաքակրթության դեմ մեղանչած եղեռնակիր էջերին»:
Նամակը մասնավորապես ուղղված է պարոն Տորբյորն Յագլանդին` Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար, տիկին Մաուդ Ֆրոկ դը Բյոր-Բուքիքիոյին` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, տիկին Միշելին Կալմի-Ռեյին` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահող Շվեյցարիայի դաշնային քարտուղար, պարոն Թոմաս Համարբերգին` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, պարոն Մեվլութ Չավուշօղլիին` ԵԽԽՎ նախագահ, պարոն Լուկա Վոլոնտեին` Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խմբի ղեկավար, պարոն Անդրեաս Գրոսսին` սոցիալիստական խմբի ղեկավար, տիկին Աննա Բրասյողին` Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք խմբի ղեկավար, պարոն Դավիթ Ուիլշայրին` Եվրոպայի Ժողովրդավարների խմբի ղեկավար, պարոն Թինի Քոքսին` Եվրոպայի միացյալ ձախերի խմբի ղեկավար, պարոն Բյորն վան Սիդոուին` քաղաքական հարցերի հանձնաժողովի ղեկավար, պարոն Քրիստոս Պուրգուրիդեսին` EPP-ի խմբի փոխնախագահ, պարոն Պաոլ Ուիլեին` տնտեսական հարաբերությունների եւ զարգացման հանձնաժողովի նախագահ, տիկին Լիլիան Մորի Պասկիենին` սոցիալական, առողջապահության եւ ընտանեկան հարցերի հանձնաժողովի ղեկավար, պարոն Ջոն Գրինվեին` կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի ղեկավար, պարոն Էնդրյու Մըքինթոշին` կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի ղեկավար, պարոն Ալեքսեյ Լոթմանին` գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, տեղական եւ տարածքային հարցերի հանձնաժողովի ղեկավար, պարոն Ժոզե Մենդես Բոտային` կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների հանձնաժողովի ղեկավար, պարոն Դիք Մարթիին` ԵԽԽՎ Մոնիտորինի հանձնաժողովի ղեկավար, պարոն Հոլգեր Հայբաքին` կանոնակարգի անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողով, ԵԽԽՎ ազգային պատվիրակության ղեկավարներին, ԵԽԽՎ անդամներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել