Օմբուդսմենի նամակը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին
Հարգելի պարոն Խաչատրյան,
Վերջին օրերին մամուլում հրապարակված հոդվածների համաձայն` «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, տեխնիկական վերազինման ժամանակացույցին համապատասխան, ներկրել է նոր տեխնիկական սարքավորումներ, որոնց մաքսազերծման գործընթացն արհեստականորեն ձգձգվում է` չնայած հ/ը-ն կատարել է ապրանքի մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթային պարտավորությունները և պատրաստ է կատարել մուծումները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետը, Գյումրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կ. Հարությունյանի դիմումին ի պատասխան, 07.04.2010թ. թիվ 165 գրությամբ հայտնել է, որ մաքսային ձևակերպումների կասեցումը կատարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրիի տարածքային հարկային տեսչության գրության և տեղեկանքի հիման վրա:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ հայտնել, թե որ իրավական ակտի հիման վրա են, հարկային տեսչության գրության և տեղեկանքի համաձայն, պաշտոնատար անձի կողմից կասեցվել Գյումրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող բեռի մաքսային ձևակերպումները: Եթե չկա նման իրավական ակտ` միջոցներ ձեռնարկել` ՍՊԸ-ի իրավունքները վերականգնելու կապակցությամբ, և արդյունքների մասին տեղեկացնել ինձ:
Հարգանքով` Արմեն Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել