Երևանում բացվել է Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որին ներկայացվում է Հայաստանի և սփյուռքի արվեստագետների շուրջ 250 աշխատանք (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ): Այս աշխատանքներից մի քանի լավագույնները պետությունը ձեռք կբերի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով:
Ցուցահանդեսը կազմակերպվել է նախարարության աջակցությամբ և ձևավորվել ավելի քան 600 հայտից` մասնագիտական հանձնաժողովի փուլային ընտրության (թեմայի համապատասխանություն, գեղարվեստական արժեք) արդյունքում:
Ժամանակակից աշխատանքների կողքին ցուցահանդեսում ներկայացվում է նաև հայ կերպարվեստի դասականների`Էդվարդ Իսաբեկյանի, Գրիգոր Խանջյանի, Հենրիկ Սիրավյանի և այլ արվեստագետների` Ցեղասպանությանը նվիրված շուրջ 45 ստեղծագործություն:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաներ, մտավորականներ, արվեստագետներ, օրվա խորհրդին իրենց խոնարհումը բերող հասարակություն: Ցուցահանդեսի մասին խոսք ասացին արվեստաբան Շահեն Խաչատրյանը, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը, ապրիլի 20-ին բացած ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի առաջին տասնօրյակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել