ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ հայտարարությունը
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարեւորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում:
Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը:
ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Օրինաց երկիր կուսակցություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել