Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում
Հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող 3-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը: Ֆորումի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար՝ լուծումներ բիզնեսի կառավարման, բիզնես գործընթացների ավտոմատացման և բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար։
Այս տարի ակնկալվում է լայն միջազգային մանակցություն DigiTec Business-ին, մասնավորապես` հարավային և արևելյան եվրոպական երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից: «Հայաստանը հետզհետե դառնում է ավելի ու ավելի ճանաչելի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջազգային արդյունաբերության մեջ: Մեր վարկանիշը` որպես ՏՀՏ ճանաչված կենտրոն, բարձրանում է, ինչը, իր հերթին, կխթանի ներդրումների հոսքը դեպի Հայաստանի ՏՀՏ ոլորտ»,- նշում է Յու Այ Թի Ի Էքսպոյի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Անցած տարիներին ֆորումն ունեցել է մոտ 1500 բիզնես այցելու և 30 ՏՀՏ ընկերություն: Այս տարի նախատեսվում է մոտ 40 ընկերության մասնակցություն, որոնք կներկայացնեն ՏՀՏ լուծումներ ֆինանսաբանկային, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, կադրերի կառավարման, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային ուսուցման, վաճառքների և այլ ոլորտներում: «Նիդերլանդների զարգացման հանագործակցության նախարարության ներկայացուցիչը կներկայացնի հայաստանյան ընկերությունների համար այն աջակցման հնարավորությունները, որ ընձեռում է այս կառույցը` հոլանդական գործընկերների հետ համատեղ ծրագրեր ներկայացնելու դեպքում»,- ասում է Վահան Հովսեփյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել