«Ուսման իրավունք» նախաձեռնող խումբն` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի
Այսօր «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանը և Դանիել Իոաննիսյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` քաղաքապետարանի որոշումները անվավեր ճանաչելու պահանջով: Մայիսի 12-ին Ս. Ավետիսյանը և Դ. Իոաննիսյանը մայիսի 19-ին` ժամը 13:30-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք և մայիսի 20-ին` ժամը 13:15-ին, ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետին: Սակայն մայիսի 14-ին Երևանի քաղաքապարանը որոշեց արգելել այս միջոցառումները:
Հանրահավաքը և երթը ուղղված էին բարձրաձայնելու ուսանողության մտահոգությունները` Կառավարության` բանակից մագիստրոսական և ասպիրանտական տարկետմամբ տեղերի կրճատման որոշման վերաբերյալ:
Հանրահավաքի անցկացումն արգելվեց` հիմնվելով օրենքի այն դրույթի վրա, որ մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մամնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով: Սակայն, «Ուսման Իրավունք» նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ Ազնավուրի հրապարակում բազմիցս հանրահավաքներ են կայացել:
Քաղաքապետարանի որոշման մեջ նաև չի ասվում, թե հանրահավաքի անցկացման դեպքում այդ հրապարակում անցկացվող որ մարզական կամ մշակույթային միջոցառման բնականոն ընթացքը կխաթարվեր: Իսկ երթի անցկացումն արգելվեց` հիմնվելով այն բանի վրա, որ երթի տևողությունն այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների և ազատությունների ոչ ողջամիտ սահմանափակմանը, սակայն չպարզաբանվեց, թե որոնք են այդ ազատությունները, և ինչպես են դրանք սահմանափակվում:
Քաղաքապետարանը կազմակերպիչներին չեր առաջարկել երթի անցկացման այլ օրեր և այլ ժամեր կամ միջոցառման ձևին վերաբերող այլ պայմաններ, ինչը պահանջում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը: Հիշյալ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքապետարանը պետք է մանրամասն պարզաբաներ արգելքների պատճառները, ինչը չի արվել:
Նշված գործով վարչական դատարանի նիստը կկայանա մայիսի 18-ին` ժամը 9:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում: Համաձայն «Ժողովներ, հանրահավքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի` դատավճիռը պետք է հրապարակվի 24 ժամվա ընթացքում, այն է` մինչև մայիսի 18-ը` ժամը 15:00-ն:
Այս մասին հայտնում է «Ուսման իրավունք» նախաձեռնող խումբը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել