HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հարկային արտոնություններ պետք է տալ ՏՏ-ի նորաստեղծ ընկերություններին

Սեպտեմբերի 17-ին Աղվերանում տեղի ունեցած «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ժամանակ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի հայեցակարգը։ Վերջինիս նպատակն է Հայաստանը դարձնել մրցունակ ՏՏ ոլորտում։

Ըստ ՀՀ կառավարության 2008թ.-ի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է 2018 թ.-ին ունենալ 1000 տեխնոլոգիական ձեռնարկություն։ Այն պետք է ունենա շուրջ 20 հազար աշխատակից, որոնցից յուրաքանչյուրի արտադրողականությունը կկազմի շուրջ 50 հազար դոլար։ Իսկ այժմ կա ավելի քան 300 ընկերություն՝ շուրջ 5500 աշխատակիցներով (չհաշված հեռահաղորդակցության ոլորտը), որոնցից յուրաքանչյուրի արտադրողականությունը մոտ 22 հազար դոլար է։

Կ. Վարդանյանը նշեց, որ խնդիրը լուծելու համար պետք է ստեղծել ենթակառուցվածք, որն ուղղված կլինի տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծմանը և զարգացմանը։ Եվ քանի որ այդ ենթակառուցվածքի ստեղծումը բարդ խնդիր է, ապա իրենք որոշել են դիմել ՀՀ նախագահին, որպեսզի նա իր հովանու տակ վերցնի այդ գործընթացը։ Հայեցակարգը ՀՀ նախագահին է ներկայացվել 2011 թ.-ի ապրիլին։

Կարեն Վարդանյանը նշեց այն խնդիրները, որոնք կան ՏՏ ոլորտում։ Նախ՝ երիտասարդ կադրերի մոտ նկատվում է հավակնությունների պակաս, մյուս կողմից բացասական է ազդում օլիգարխիկ բիզնեսը։ Երիտասարդները պետք է հետաքրքրված և շահագրգռված լինեն մտնել այս ոլորտ, իսկ նրանք անգամ քիչ են տեղեկացված ոլորտի հաջողակ ձեռներեցների մասին։ Նա նաև հավելեց, որ վերջին 3 տարիների ընաթցքում ոլորտի աշխատուժը գրեթե չի աճել, որովհետև շատ քիչ քանակությամբ մարդիկ են մտնում ոլորտ, իսկ առաջատար մասնագետների մի մասը հեռանում է երկրից։ Սակայն մյուս կողմից նա համոզված է, որ ոլորտի մեջ անպայման կներգրավվեն այն երիտասարդները, ովքեր ուզում են նոր բան ստեղծել և աշխատել։

Հայեցակարգում առաջարկվում է կազմակերպել գաղափարների մրցույթ՝ առանձնացնելու այն մարդկանց, ովքեր ունեն հավակնություններ և լավ գաղափարներ։ ՏՏ ոլորտում պետք է աջակցել հատկապես սկսնակ կազմակերպություններին։ Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է հրավիրել միջազգային լիդերության դպրոցի մասանգետների՝ սեմինարներ անցկացնելու գործող կազմակերպությունների համար, որոնք պետք է լինեն անվճար։ Այնուհետև այդ կազմակերպությունները, հաշվի առնելով տեղական իրավիճակն ու պայմանները, կուղղորդեն նաև սկսնակ ընկերություններին։

Այս ամենի արդյունքում ոլորտում կլինեն բիզնես գործարարներ, հիմնարկի մեջ գործող գործարարներ կամ նախագծերի հեղինակներ և սոցիալական գործարարներ, որոնք աշխատելով հասարակությունում, կապահովեն ոլորտի անվտանգությունը։ Օրինակ՝ այդպիսիք կարող են լինել նախարարությունների համապատասխան աշխատակիցները։

Առաջարկվում է նաև ստեղծել պետական մի մարմին, որը կհայտնաբերի և կուսումնասիրի նախարարություններում, ինչպես նաև այլ ոլորտներում առկա ՏՏ խնդիրները։

Քանի որ կարևրվում է նորաստեղծ ընկերությունների դերը, ապա առաջարկվում է նրանց տալ հարկային որոշ արտոնություններ։ Կ Վարդանյանը նշեց, որ նորաստեղծ ՏՏ ընկերությունների հասույթի աճը գերազանցում է ոլորտի միջին աճին մոտ 10 անգամ, ինչը նշանակում է, որ շուկան դատարկ է և կա պահանջարկ։ Այդ իսկ պատճառով առաջարկվում է ՏՏ ոլորտից գանձվող հարկերի 10%-ն ուղղորդել նորաստեղծ կազմակերպությունների ենթակառուցվածքների ստեղծմանն ու աջակցմանը։ 2012թ.-ի հաշվարկներով՝ այդ թիվը կարող է կազմել մոտ 20 մլրդ դրամ։ ՏՏ ոլորտի զարգացումը կարող է նպաստել նաև տնտեսության զարգացմանը։

Կարևորվում է նաև սփյուռքի ներգրավվածությունը, որը կարող է աջակցել խորհրդատվական, կթական, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումներն արտերկրում վաճառելու գործում։ Եվ քանի որ ՏՏ ոլորտում մեծ դեր ունի հատկապես մտավոր սեփականությունը, պետք է խթանել ոչ միայն մտավոր սեփականության շուկայի ստեղծումը, այլև դրա պաշտպանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter