HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը` Սինգապուրում Հայաստանի առաջին դեսպան

Երեկ Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Սինգապուրի նախագահ Սելապան Ռամանաթանին (Sellapan Ramanathan): ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում նախագահ Սելապան Ռամանաթանը հաջողություն է մաղթել Սինգապուրում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնել, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Խոսելով երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների մասին` ՀՀ նորանշանակ դեսպանը շեշտել է Հայաստանի և Սինգապուրի գործարար շրջանակների միջեւ անմիջական կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նշվել է նաև Սինգապուրի հարուստ փորձի օգտագործման կարևորությունը ՀՀ տնտեսական զարգացման և հասարակական ինստիտուտների ամրապնդման գործընթացներում: Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Դեսպան Սարգսյանը Սինգապուրի նախագահին համառոտ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, խոսել տարածաշրջանային խնդիրների, հարեւան պետությունների հետ առկա հարաբերությունների մասին: Զրույցի ընթացքում նախագահ Ռամանաթանը անդրադարձել է Սինգապուրի պատմության մեջ հայազգի գործիչների ունեցած բացառիկ դերակատարությանը: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ նաև մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին` նա առաջարկել է քայլեր ձեռնարկել մշակութային փոխանակումներն ակտիվացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter