HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն չի ստացել

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների (Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Ստյոպա Սաֆարյան) հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Քանի որ նախորդ նիստերում վերստին բազմիցս ներկայացվել էր օրենքի նախագծի բովանդակությունը, իր ելույթում Սաֆարյանը սոսկ անդրադարձավ ներկայումս ԼՂՀ-ի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին: «ԼՂՀ-ի եւ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ վերջին շրջանում արվող հայտարարություններն ու միջազգային կառույցներում ընդունվող բանաձեւերը, եւ զեկույցները միգուցե չլինեին, կամ մեզ այդկերպ նետված ձեռնոց չլիներ, եթե ժամանակին օրինագծի քննարկումը ոչ թե հետաձգեինք կամ հապաղեինք, այլ առնվազն ընդգրկեինք Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում: Կարծում եմ դա կանխարգելիչ նշանակություն կունենար կամ կպարտադրեր մեր եւ Արցախի անվտանգության առանցքային հարցով նման լեզվով ու ձեւակերպումներով արտահայտվողների համար: Պաշտոնական Վաշինգթոնը, Բրյուսելը, Փարիզը եւ թե Մոսկվան իրենց խոսքն ասում են այդ ձեւակերպումներով եւ լեզվով: Իսկ մենք լռում ենք, դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւություններով, որ արվում են այդ մայրաքաղաքներում ու Բաքվում մեր դիրքորոշման կապակցությամբ: Եթե մենք կարող ենք հակահայկական բնույթի հայ-թուրքական արձանագրությունները ներառել ու պահել Ազգային ժողովի օրակարգում, ապա անհասկանալի է, թե ինչու ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չենք ներառում: Դա անելը ոչ միայն պատվաբեր ու պետականաշահ է, այլեւ` քաղաքականապես նպատակահարմար: Մենք ակնկալում ենք դրական եզրակացություն»,-եզրափակեց Սաֆարյանը: Օրինագծի վերաբերյալ արտահայտվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Լ. Ալավերդյանը ընդգծեց, որ, հաշվի առնելով Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2216 բանաձեւը, ստեղծված իրավիճակը առավել քան հարկադրում է օր առաջ Հայաստանի կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, որոնցից մեկը կարող է հանդիսանալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագծի Ազգային ժողովի մեծ օրակարգ ընդգրկելը: «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Հայաստանի ու Արցախի նկատմամբ բացասական վերաբերմունքի վերջին կաթիլն է: Մեր ներկայացրած օրենքի նախագիծը Ազգային ժողովի մեծ օրակարգ ընդգրկելը կարող է Հայաստանի կողմից համարժեք պատասխան լինել:  Միջազգային մի շարք պաշտոնյաների հետ մեր ունեցած հանդիպումները ցույց են տվել, որ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերջին ընտրությունները անցել են ազատ եւ ժողովրդավարական պայմաններում, եւ որ այդ ընտրությունները օրինակելի են տարածաշրջանի համար»: Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ խմբակցության պատգամավորները չեն պնդում ներկայացված օրինագիծը Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում ընդգրկելու կամ քվեարկելու հարցում. «թող այդ հարցը Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու եւ քվեարկելու պահը որոշվի հետագայում` Ազգային ժողովի մեծամասնության հետ քաղաքական բանակցությունների արդյունքում»,- առաջարկեց Ալավերդյանը` նույնպես հորդորելով հանձնձանժողովի անդամներին դրական եզրակացություն տալ: Օրինագծի վերաբերյալ տեսակետ արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը, գնահատելով հարցի կարեւորությունը, հանձնաժողովի նիստին մասնակցում է ներկայանալի կազմով` ի դեմս «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի: Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեց հիշեցնել. «Վաղ 90-ականներին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու նախաձեռնողների թվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը` թե իբրեւ արտգործանախարար, թե հետագայում իբրեւ հանրային ու քաղաքական գործիչ: Նրա այս հետեւողական դիրքորոշումը հետագայում դարձավ նաեւ կուսակցության քաղաքական գծի ու ռազմավարության անքակտելի բաղկացուցիչը եւ այսօր էլ ՙԺառանգությունը» ոչ միայն հավատարիմ է մնում իր քաղաքական գծին, այլեւ համոզված է, որ մեծապես նպաստում է հայկական երկու պետությունների կայացմանը: Իսկ կապված քաղաքական մեծամասնության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի ոչ նպատակահարմարության վերաբերյալ հաճախ բերվող պատճառաբանություններին` ի պատասխան` Մարտիրոսյանը հավելեց. «Հայաստանի իշխանությունները եւ' 1992 թվականին, եւ' 1994 թվականին, եւ' հետագայում նպատակահարմար չգտան Արցախի անկախության ճանաչումը»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ընդդիմությունն այս քայլով հնարավորություն է տալիս քաղաքական մեծամասնությանը վերանայել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը: Օրինագծի քննարկումը հետաձգելու հնարավորության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հարցին հիմնական զեկուցող Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» չի եղել դրա հետաձգումների կողմնակից եւ այժմ էլ չէ: Նա տեղեկացրեց, որ նախկին հետաձգումների առաջարկները մեկ նպատակ են ունեցել` ժամանակի ընթացքում հասնել առնվազն հարցը նստաշրջանի օրակարգում ներառելու շուրջ քաղաքական համաձայնությունների ձեռքբերման, ինչը, ցավոք, չի ստացվել մինչեւ օրս: Քաղաքական կոալիցիայի անունից ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանն էլ հայտարարեց, որ այս պահին նպատակահարմար չեն համարում ոչ միայն օրինագծի ընդունումը, այլեւ դրա ներառումը մեծ օրակարգում: Քվեարկության արդյունքում 2 կողմ («Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանը), 5 դեմ (ՀՀԿ-ից` Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը եւ Շիրակ Թորոսյանը, ԲՀԿ-ից` Էռնեստ Սողոմոնյանը, անկախ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը) եւ 1 ձեռնպահ (ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը) ձայների հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտրվեց: Հունիսի 4-ին «Ժառանգություն» խմբակցությունն իր հերթական նիստում կքննարկի օրինագծի քննարկումն արտահերթ ճանաչելու հարցը: Որոշում ընդունելու դեպքում` այն կներկայավի Ազգային ժողովի նախագահին աշնանային նստաշրջանի քառօրյա նիստերից մեկի ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն արտահերթ ընթացակարգով քննարկման դնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter