Այցեր` Վազգեն Մանուկյանին
Վարչապետն այսօր այցելել է ԱԺՄ կուսակցության գրասենյակ և հանդիպել կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց վարչապետի օգնական Արամ Անանյանը, վարչապետը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպել է «ի պաշտոնե` որպես երկրի վարչապետ»: Իսկ այլ մանրամասներ տալուց վարչապետի օգնականը ձեռնպահ մնաց:
«Հետքի» աղբյուրները տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` նրա բնակարան: Նրանք քննարկել են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցը:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը, իսկ վարչապետն ու նախագահը փորձել են նրան հակառակում համոզել: Ըստ նույն աղբյուրների` Վազգեն Մանուկյանը չի «համոզվել»:
Արամ Անանյանը վարչապետի` Վ. Մանուկյանի բնակարան այցի մասին չմանրամասնեց` պատճառաբանելով, որ վարչապետի անձնական շփումների մասին տեղեկություններ չեն տալիս:
Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարելու ժամանակ վարչապետի թիկնապահը փորձել է ագելել լուսանկարներ կատարել, իսկ վարչապետը թիկնապահին նկատողություն է արել` ասելով, թե ֆոտոլրագրողն անում է իր աշխատանքը և չպետք է խանգարել նրան:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին, որն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում։
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել