HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաց գրականության շաբաթ Հայաստանում

Հունիսի 7-12-ը Երևանում ու հանրապետության մարզերում կանցկացվեն վրաց գրականության օրեր, որոնց շրջանակներում կկազմակերպվեն ստեղծագործական հանդիպում-քննարկումներ, շնորհանդեսներ, այցելություններ հայ գրողների տուն-թանգարանների և այլն: Հայաստանում վրացական, իսկ Վրաստանում հայկական գրականության օրերն անցկացվում են արդեն 4-րդ տարին հայ-վրացական համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների և գրողների միությունների ջանքերով: Հայաստանում վրաց գրականության օրերի անցկացման նպատակով Երևան է ժամանել ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլու գլխավորած, 8 հոգուց բաղկացած պատվիրակությունը (արձակագիր Ռևազ Միշվելաձե, արձակագիր Զուրաբ Թորիա, բանաստեղծ Պադրի Կութութելաձե, քննադատ-լրագրող Մանանա Գորգիշվիլի, թարգմանիչ Գիվի Շահնազար, գրող Անահիտ Բոստանջյան, Թամար Բլիաձե): Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ մշակույթի նախարարությունում: Ծրագրի շրջանակներում հունիսի 10-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլու «Արևի արցունքներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Արդի վրացական պոեզիայի այս հատընտիրը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ հայերեն է թարգմանել Գագիկ Դավթյանը: Հունիսի 11-ին Երևանում` ՀԳՄ դահլիճում, տեղի կունենա «Արդի վրացական արձակ» անթոլոգիայի շնորհանդեսը: Այն ներառում է վրաց 15 արձակագրի ավելի քան 20 գործ` պատմվածքներ, նորավեպեր: Անթոլոգիան հայ ընթերցողին է ներկայացվում Հրաչյա Բայրամյանի և Մաղվալա Գեուրկովա-Սահակյանի թարգմանությամբ: Հայաստանում վրաց գրականության օրերի մեկնարկի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, վրաց գրողական ողջ պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter