Ո՞վ է պաշտպանելու Հայաստանի քաղաքացու իրավունքը Թուրքիայում
Հարցնում է Թուրքիայում ավտովթարից տուժած Գեղամ Ներսեսյանի հայրը
2008թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ավտոկայանի մերձակա խաչմերուկում` Լալելի փողոցում, երկու մարդատար ավտոմեքենաներ իրար են բախվել եւ դուրս եկել մայթ` հարվածելով մայթեզրին կանգնած հայաստանցի զբոսաշրջիկներին: Թուրքիա մեկնած 4 հայաստանցիներ` Արմեն Պետրոսյանը, Մնացական Մնացականյանը, Գրիգոր Բեգլարյանը եւ Գեղամ Ներսեսյանն այդ պահին պատահաբար կանգնած են եղել մայթեզրին, մոտեցող մեքենան տեսնելով` երկուսը հասցրել են արագ հեռանալ, իսկ երկուսը մեքենաների հարվածներից ստացել են ոտքի տարբեր աստիճանի կոտրվածքներ:
Առավել ծանր վիճակում հայտնվել է 29-ամյա Գեղամ Ներսեսյանը: Նա ստացել է աջ ոտքի ազդր-թաթային մասի 4 կոտրվածքներ, ուղեղի ցնցում: «Դուրս են եկել ման գալու, մայթի վրա կանգնած ծխելիս են եղել, երկուսը տեսել-փախել են, երկուսը չեն հասցրել: Եթե պատի վրա չլիներ փոս ընկած տեղ, երբ մեքենան դեմ է տվել պատին, իմ երեխան կենդանի չէր մնա»,- պատմում է Գեղամի հայրը` Վահրամ Ներսեսյանը:
Տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխում են Ստամբուլի հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է առաջին օգնություն, իսկ ոստիկանության տեսուչները տուժողներից կատարվածի մասին ցուցմունքներ են վերցնում: Հաջորդ օրն առավոտյան տուժողները իրենց ընկերների օգնությամբ վերադառնում են Երեւան:
Գեղամ Ներսեսյանին օդանավակայանից անմիջապես տեղափոխում են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, նրան վիրահատում են` ոտքին ամրացնելով Ելիզարովի ապարատ:
Մեկ ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո Գեղամը տեղափոխվում է տուն եւ մինչ օրս բժիշկների հսկողության տակ է: Նրան սկզբից տալիս են հաշմանդամության 2-րդ կարգ, իսկ հետո` 3-րդ:
Ընկերոջ` Գրիգոր Բեգլարյանի վիճակը համեմատաբար թեթեւ է եղել, նրան արագ դուրս են գրել հիվանդանոցից: Գեղամի հայրը` Վահրամ Ներսեսյանը, դիմել է տարբեր գերատեսչություններ` Գլխավոր դատախազություն, ԱԳՆ, Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով պարզել, թե արդյոք պատժվե՞լ են մեքենաների վարորդները, երիտասարդներին վրաերթի ենթարկելու առիթով Թուրքիայում քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո` ի՞նչ է պարզվել, հայտնաբերվե՞լ են մեղավորները, արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել են:
«Ո՞վ է փոխհատուցելու 2-րդ կարգի հաշմանդամ դարձած որդուս առողջության համար: Ինչ-որ քայլեր ձեռնարկվու՞մ են Հայաստանի քաղաքացիներին պատճառված նյութական վնասի փոխհատուցման ուղղությամբ»,- հարցնում է Վ. Ներսեսյանը:
Գեղամի հայրը պահանջում է մեղավորներին պարտադրել նյութական եւ բարոյական աջակցություն ցույց տալ իրենց` փոխհատուցելով իր կողմից բուժման համար կատարած ծախսերը, որը կազմում է շուրջ 6000 դոլար:
Գլխավոր դատախազին հասցեագրած 2008 թ. դիմումներից մեկին Վահրամ Ներսեսյանին պատասխանել են, որ դիմումի կապակցությամբ հարցում է կատարվել ԱԳՆ համապատասխան բաժին` դիվանագիտական ուղիներով պարզելու մատնանշած հարցերը:
2009 թ. հոկտեմբերի 23-ի մեկ այլ գրությամբ գլխավոր դատախազության Միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանը տեղեկացրել է, որ իրենց ուղարկած հարցմանը մինչ օրս պատասխան չեն ստացել, եւ մեկ անգամ եւս հարցում ուղարկելու խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Տ. Սեյրանյանին, որպեսզի պարզեն, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ քաղաքացուն պատճառված նյութական վնասի հատուցման ուղղությամբ:
ԱԳՆ հյուպատոսական բաժինը 2009 թ. ապրիլի 30-ին պատասխանել է, որ Վահրամ Ներսեսյանի դիմումի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությանը հանձնարարվել է դիմել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը` նշված հարցերը պարզաբանելու համար, սակայն իրենք էլ դեռեւս պատասխան չեն ստացել:
Վահրամ Ներսեսյանի հետ զրույցներում պաշտոնական անձինք նշել են, որ եթե Եվրամիության երկրներում լիներ, հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց Թուրքիայի դեպքում դժվար է, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան:
«Եթե մի պաշտոնյայի երեխա լիներ, ի՞նչ կանեին, անձամբ կտանեին դիմումը: Բայց հիմա էլ նվազագույնը ամիսը մեկ պատվիրակություն է գնում Թուրքիա արտաքին գործերի նախարարությունից, եթե մի քիչ մտածեին քաղաքացու մասին, մի բան կանեին, ուղղակի բանի տեղ չեն դնում քաղաքացուն: Իմ տղան ումի՞ց է պակաս, բարձրագույն կրթությամբ այսօր երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել: Չորս տարեկան երեխա ունի տղաս»,- ասում է Վահրամ Ներսեսյանը:
Գեղամի հայրը դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պատասխանել են, որ բողոքը քննարկման է ընդունվել: Սակայն մեկ ու կես ամիս անց` 2009 թ. օգոստոսի 18-ին տեղեկացրել են, որ դադարեցվել է Գեղամ Ներսեսյանի դիմումի քննությունը:
«Բագրատ Տուր» ընկերությունն է տրամադրել տոմսերն ու կազմակերպել տուրիստական այցը, սակայն ապահովագրություն չի իրականացրել: Վահրամ Ներսեսյանը նաեւ նրանց է դիմել, բայց գործակալությունը հրաժարվել է օգնել:
«Անմեղ կանգնած են եղել: Ասում եմ` տղա ջան, չգնայիք ծխելու»,- հուզվում է Վ. Ներսեսյանը:
Տարին մեկ հաշմանդամներին ԲՍՓՀ (Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) են կանչում, որ վերանայեն կամ հաստատեն կարգը, սակայն տարին լրանալուց հետո Գեղամին հաշմանդամության երրորդ կարգ են տվել: «9600 դրամ թոշակ էր ստանում, հիմա 8000 է ստանում: Էն վախտ երկու փայտով էր քայլում, հիմա` մի փայտով, նշանակում է լա՞վ է»,- հարցնում է հայրը:
Մեկ շաբաթ առաջ Վահրամ Ներսեսյանը դատախազությունից գրություն է ստացել, կից` Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան պատասխանը Վրաստանում Հայաստանի դեսպանատան գրությանը: Համաձայն Թուրքիայի արտգործնախարարությունից ստացված տեղեկությունների` նրանք հաստատել են, որ Հայաստանի 2 քաղաքացիներ` Գեղամ Ներսեսյանը եւ Գրիգոր Բեգլարյանը, տուժել են ավտոպատահարից, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց բժշկական օգնություն ցույց տալու համար:
Մեքենայի վարորդները ձերբակալվել են, նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում տուժողները ձեռնպահ են մնացել բողոք ներկայացնելուց, եւ քրեական գործը փակվել է:
Վահրամ Ներսեսյանը պնդում է, որ որդին եւ ընկերը ցուցմունք են տվել, եւ եթե քրեական գործ է հարուցվել, ապա ինչպե՞ս կարող էր այն փակվել նման «անհիմն» պատճառաբանությամբ:
Վ. Ներսեսյանն անձամբ կուզենար Թուրքիա գնալ եւ տեղում ամեն ինչ պարզել, բայց միջոցներ չունի. «Բուժման ծախսերը դատարանից չեմ կարող ստանալ, ուր մնաց գնալ Թուրքիա: Եթե մարդ լիներ Թուրքիայում, կամ եթե գրագետ իրավաբան լիներ, զբաղվեր այս հարցով, փոխհատուցումը ստանալուն պես կվճարեի իրեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել