«Իսրայելը պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը»
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը բնորոշեց որպես դիվանագիտական պատերազմ: Այս պատերազմում կողմերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ մարտավարությունը և իր խաղաթղթերը:
Թուրքիայի առաջին հաղթաթուղթը Պաղեստինի ճանաչումն է, ինչպես նաև առևտրական, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունն արաբական երկրների հետ և միջազգային կառույցներում համատեղ քայլերն ընդդեմ Իսրայելի: Ա. Սիմավորյանի խոսքերով` այժմ Թուրքիան, ի դեմս Իսրայելի, իր երկրում մեծացնում է ազգային թշնամիների ցանկը:
Իսրայելը կարող է հակազդել Թուրքիային Հայոց ցեղասպանության ընդունմամբ և քրդական հարցով:
Հոկտեմբերին Կնեսեթում կրկին քննարկվելու է Հայոց ցեղասպանության ընդունման հարցը, սակայն կոնկրետ օրը դեռևս որոշված չէ:
«Այս պահին պատրաստ չէ Իսրայելը ճանաչելու Ցեղասպանությունը, քանի որ նա վերջնականապես կմեկուսանա տարածաշրջանից», - նշեց Ա. Սիմավորյանը:
Ըստ նրա` Իսրայելը կփորձի երրորդ երկրների միջոցով օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը. ԱՄՆ-ի և մյուս ազդեցիկ երկրների մեծ հրեական համայնքները պետք է օգնեն այդ գործընթացին կամ գոնե չխոչընդոտեն: Տվյալ դեպքում Թուրքիայի քաղաքականությունից է կախված Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Ա. Սիմավորյանի խոքերով` «հրեաները հստակ ազդակներ են տալիս հայերին», սակայն այստեղ կան ռիսկային գործոններ: Հայկական և հրեական կազմակերպությունները կարող են միմյանց հետ համագործակցել, սակայն բացառված չէ, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կբարելավվեն և արդյունքում կստացվի այլ պատկեր: Այսինքն` փորձագետի կարծիքով` այժմ «պետք չէ շատ մոտ թողնել Իսրայելին»:
Կնեսեթում քննարկման միջոցով Իսրայելը պարզապես կփորձի ճնշել Թուրքիային: Սակայն այդ ճնշումները կսահմանափակվեն քննարկումներով, որովհետև կա Պաղեստինի ճանաչման խնդիրը:
Ա. Սիմավորյանի կարծիքով` ԱՄՆ-ը նույնպես պատրաստ չէ ընդունել Ցեղասպանությունը: Այդ երկրների համար Հայոց ցեղասպանությունը միայն քաղաքական գործիք է ճնշումներ կատարելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել