Ա. Հարությունյանը` Միջերկրական Օմբուդսմենների Միավորման անդամ
Երեկ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմենների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրվել է Միավորման լիարժեք անդամ:
Մադրիդում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմենների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջարկությունը` մշակել և հրապարակել հատուկ հայտարարություն Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման, ինչպես նաև Իսրայելի զինված ուժերի և Թուրքական նավատորմի միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ:
Քննարկման ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր ելույթում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների հիմնական առաքելությունը իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է, իսկ եթե որոշում կայացվի քննարկել միջպետական խնդիրները, ապա պետք է քննարկել բոլոր տեսակի շրջափակումների խնդիրները, այդ թվում և Հայաստանի Հանրապետության շրջափակումը` միասնական հայտարարություն մշակելու նպատակով:
Իսրայելի Օմբուդսմենը առաջարկել է ընդհանրապես չանդրադառնալ նշված խնդրին, քանի որ այդ հարցի քննարկման համար ստեղծվում է միջազգային հանձնաժողով: Բանավեճի արդյունքում որոշվել է զերծ մնալ համատեղ հայտարարությունից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել