
Նպատակ է պետք, որ քայլես
«Երզանքը շատ հեռու բան է, ուշ իրականացվող։ Ես միշտ նպատակ եմ դնում։ Նպատակն ավելի մոտ է, դու անընդհատ ձգտում ես դրան հասնել։ Թե չէ երազես ու ի՞նչ։ Պետք է նպատակ դնել», - ասում է Ռուզաննա Աղաբաբյանը։
Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյանները երկվորյակներ են և սովորում են Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի 11-րդ դասարանում։ Երկու տարեկանում նրանք հիվանդացել են սալմոնոլյոզով, որի հետևանքով երկուսն էլ կորցրել են քայլելու կարողությունը։ Քայլելու հնարավորությունից զրկվելուց բացի` նրանց համար դժվարացավ նաև շրջապատին հարմարվելը և հաղորդակցվելը։
«Սկզբում, որ դպրոց էինք գնում, շատ դժվար էր, չէինք ուզում գնալ։ Համ դասարանի երեխաներն էին մեզ մի տեսակ նայում, համ էլ մենք էինք քաշված ու չէինք ուզում շփվել նրանց հետ։ Նեղվում էինք դպրոցում` չնայած ուսուցիչները մեզ միշտ շատ լավ են վերաբերել։ Հետո երեխաները հասկացան, որ մենք էլ նորմալ, իրենց նման մարդիկ ենք: Իսկ հետո մենք էլ կամաց-կամաց սկսեցինք իրենց հետ շփվել ու հիմա լիքը ընկերներ ունենք», - հիշում է Ռուզանը։
Դպրոց գնացել են մոր և տատի ուղեկցությամբ՝ հենակներով և այնպիսի սայլակներով, որոնց վրա կանգնում և իրենք ղեկավարում էին։
«Մենք երբեք նստովի սայլակ չենք օգտագործել. ես նույնիսկ զզվում եմ այդ սայլակից։ Հենակներով ենք քայլել։ Միշտ աշխատում էինք փորձել քայլել, վարժություններ էինք անում, անընդհատ շարժվում»,- պատմում է Սյուզին։
2005 թ.-ին քույրերը վիրահատվել են, որից հետո նրանք մի փոքր դժվարությամբ, բայց սկսել են քայլել։ Նրանց ծնողները երբեք չեն հուսահատվել. հավատում էին, որ այդ կարգավիճակը մի օր կփոխվի:
«Շատ բան գալիս է ծնողներից։ Օրինակ՝ մեր ծնողները մեզ երբեք ոչնչից չեն զրկել, չեն ասել, որ դուք հաշմանդամ եք, ուրեմն պետք է այսինչ բանից զրկվեք, չունենաք։ Ընդհակառակը, մեզ ամեն ինչում միշտ օգնել են, աջակցել։ Ու երբեք խտրականություն չեն դրել»,- ասում է Ռուզանը:
Գրեթե ամեն օր Ռուզանն ու Սյուզին հոր հետ գնում են զբոսանքի կամ էլ տարբեր վարժություններ կատարում։ Վերջերս նրանք երեքով բարձրացել են Նոյեմբերյանի ամենաբարձր` Գոգդաղ սարը. «Դասարանով, որ արշավի ենք գնում, բոլորը հոգնում են, մենք շարունակում ենք բարձրանալ, քայլել, առաջ գնալ»։
Արձակուրդներին էլ աղջիկներն իրնց ծնողների հետ այցելում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Քույրերը պարբերաբար նյութեր են գրում «Արևածաղիկ» ամսագրի համար, իսկ ամեն չորեքշաբթի Նոյեմբերյանում մասնակցում «Հույսի կամուրջ» կազմակերպության «Բանավեճի ակումբին»։
«Մենք սկզբից չէինք էլ ուզում գնալ «Հույսի կամուրջ», բայց հիմա մեծ հաճույքով ենք գնում։ Ինձ շատ է դուր գալիս խոսել, մասնակցել բանավեճին, էնտեղի երեխաներով ինչ-որ բան կազմակերպել, տարբեր տեղեր գնալ», - ասում է Սյուզին։
Քույրերը նման են ոչ միայն արտաքնապես, այլև բնավորությամբ, ճաշակով, նախասիրություններով… Ընդհանուր մասնագիտություն ընտրելու հարցը նույնպես բացառություն չէ. նրանք որոշել են ընդունվել հոգեբանության ֆակուլտետ։
«Մենք ամեն ինչում նույնն ենք, մի բան չկա, որ ասեմ՝ տարբեր ենք, նույնիսկ դպրոցում մեր սիրած ուսուցչուհին նույնն է, ով մեր զրույցների գլխավոր թեման է։ Եվ եթե կռվում էլ ենք, տևում է մի քանի րոպե. իրարից նեղացած չենք կարողանում մնալ»,- ասում է Ռուզանը։
«Հայրս ասում է, որ մենք ամեն ինչի մեջ հոգի ենք տեսնում. նույնիսկ մեր մեքենայի մեջ ես հոգի եմ տեսնում: Գիտեմ՝ երբ է նա տխուր կամ ուրախ», - ասում է Սյուզին։
Հիմա աղջիկների կյանքում շատ բան է փոխվել, և նախկին վատ հուշերն արդեն վաղուց անցյալում են։
«Մենք շատ ազատ ենք։ Մի քանի տարի առաջ, որ հիշում եմ՝ շատ էինք ինքնամփոփ ու լուռ, բայց հիմա շատ բան է փոխվել։ Սիրում ենք շատ շփվել, խոսել ու քայլել»,- ասում է Ռուզանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել