HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճիռ` «Հետաքննող լրագրողների» դեմ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարեց Իջևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»: Դատարանը վճեց` պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներին» «Ազգ» օրաթերթի և www.hetq.am կայքի միջոցով հերքել Ոսկան Սարգսյանի երկու հոդվածներում «հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»: Դատարանը վճռեց «Հետաքննող լրագրողներից» հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 930 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս, ինչպես նաև 22 600 դրամ` որպես պետական տուրքի գումար: Նշենք, որ հայցվոր կողմից որևէ ներկայացուցիչ ներկա չէր վճռի հրապարակման ժամանակ: Իսկ «Հետաքննող լրագրողների» ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը նշեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը վերադաս ատյանում: Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողների» «Հետք» ինտերնետային թերթում 2008 թ. մայիսի 5-ին տպագրվել էր թերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածը` «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը արտատպել էր նաեւ «Ազգ» օրաթերթը` 2008 թ. մայիսի 20-ի համարի ներդիրում: Այնուհետեւ` հունիսի 23-ին, «Հետքում» լույս է տեսել «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» հոդվածը: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ` Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր: Հոդվածում շոշափվում էր քաղաքապետի անունը: (Մանրամասները տես` «Բարի խոսքեր»-ը վիրավորո՞ւմ են Իջեւանի քաղաքապետին)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter