
Եթե դատավորն այլ նպատակ չհետապնդեր...
ՀՀ դատական ատյանները երկու տարուց ավելի քննում են Իջևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության, որը դիմել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող երկու հրապարակումները` «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» հերքելու պահանջով:
Դատական մեկ շրջապտույտից հետո կրկին գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 9-ին կայացրած վճռով վեճը լուծեց հօգուտ քաղաքապետի:
Համաձայն վճռի` դատարանի խնդիրն էր պատասխանել երկու հարցի` ա/ հրապարակման հիմքում ընկած տեղեկությունները արատավորո՞ղ են, թե՞ ոչ, բ/ նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Անհեթեթությունն էլ սկսվել է հենց նրանից, որ դատարանը խախտել է հարցադրումների առաջնահերթությունը` առանց փաստերը ստուգելու պետք է որոշեր դրանց արատավորող լինելը կամ չլինելը: Այդպես էլ վարվել է, քանի որ դատավորի խնդիրը Իջևանի քաղաքապետի արժանապատվությունը վիրավորված տեսնելն էր, իսկ հրապարակված տեղեկությունների ճշմարտացիության մեջ համոզվելու կամ չհամոզվելու ցանկություն դատավորը չի էլ ունեցել:
«Հետքի» հրապարակումներում հարցը վերաբերել է Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ լիճ» կոչվող ջրամբարից ապօրինի ավազահանմանը: Որ ավազի ապօրինի արդյունահանում է կատարվում նշված վայրում, և այն բավականաչափ գրավիչ բիզնես է որոշ անձանց համար` նկատի ունենալով տարածքում աշխատող տեխնիկայի քանակությունն ու արդյունահանվող ավազի ծավալները, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը այդ փաստը հավաստող լիարժեք ապացույցներ ներկայացրել է դատարանին` լուսանկարներ, ավազ արդյունահանելու վերաբերյալ տեսանյութի կրիչը, որում երևում են նաև վարորդներն ու ավազը տեղափոխող մեքենայի համարանիշները և այլն:
Նշենք, որ հիշյալ երկու հոդվածների հեղինակը հրապարակումները կատարել է լրագրողական մանրակրկիտ աշխատանքի արդյունքում` հանդիպել է մարդկանց, հետազոտել է տարածքը, օգտվել է փաստաթղթերից, պատկան մարմիններին հղած գրությունների պատասխաններից, լրատվության սեփական աղբյուրներից: Լրագրող Ոսկան Սարգսյանը բացատրություն ստանալու համար նաև քաղաքապետին է դիմել, սակայն վեջինս հարկ չի համարել բացատրություն տալ նրան կամ ծանոթացնել դատարան ներկայացված գրություններին, որով ցանկանում է հավաստել, որ ինքը նույնպես պայքարել է, որպեսզի դադարեցվի ավազի ապօրինի արդյունահանումը:
Հավաքած փաստերը լրագրողին հնարավորություն են տվել որոշակի եզրահանգում անելու, և նա օգտվել է իր իրավունքից` միաժամանակ գաղտնի պահելով լրատվության աղբյուրները: Կարևորն այն է, որ լրագրողն իր աշխատանքը կատարել է բարեխղճությամբ` պահպանելով մասնագիտական վարքագծի կանոնները, և այսքանով նա պաշտպանված է:
«Մեղադրյալը չի կարող պատասխանատվություն կրել այն դեպքում, երբ վիճահարույց հայտարարությունը ճիշտ է կամ վերաբերում է հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող դեպքի, որը հրատարակվել է բարեխղճությամբ` պահպանելով մասնագիտական վարքագծի կանոնները»,- այս մոտեցումը Եվրոպական դատարանն ամրագրել է «Կոլոմբանին ընդդեմ Ֆրանսիայի» 2002 թ. կայացված վճռով:
«Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված բոլոր առարկությունները և հիմնավորումները դատարանը գտավ անհիմն, քանի որ դրանք հերքվեցին դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով»,- ասվում է վճռում: Դատավորի «ձեռք բերած ապացույցները» Իջևանի քաղաքապետի գրություններն են` ուղղված ոստիկանության մարզային բաժանմունքին, որոնք հայցվորը ներկայացրեց դատաքննության ընթացքում` ցանկանալով հիմնավորել, որ քաղաքապետն ինքը շահագրգիռ է եղել հարցի լուծումով, սակայն դա նրան չի հաջողվել: Հավաստի չհամարելով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության` դատարանին ներկայացված փաստարկները` դատավոր Գ. Խանդանյանը անցնում է իր առաջ քաշած հաջորդ հարցի պատասխանի որոնմանը: Վճռի երկու էջում դատավորը թվարկում է ՀՀ օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը և միջազգային այլ նորմերն ու դրույթները, որոնցով անձի արժանապատվության իրավունքը բարձրագույն արժեք է հռչակված:
Այնուհետև «Հետքի» երկու հրապարակումներից առանձնացնում է մեկական նախադասություն («Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո...» և «Իջևանցի տասնյակ տաքսու վարորդներ, ամեն օր անցնելով մարզկենտրոնի քարուքանդ ճանապարհներով, «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին...»)` հիմնավորելու համար, որ դրանով վիրավորել ենք քաղաքապետի արժանապատվությունը:
Նշենք, որ Իջևանի քաղաքապետի ներկայացուցիչը դատարանում երկար ժամանակ ջանում էր ապացուցել, որ ջրամբարը քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում, սակայն դատարանին ներկայացված գրություններով նրանք ոչ միայն հիմնավորում են, որ ջրամբարի տերն իրենք են, հետևաբար` նաև պատասխանատու այնտեղ կատարվող ցանկացած գործողության համար, այլև ցանկացել են հավաստել, որ քաղաքապետն ինքը ի պաշտոնե միջոցներ է ձեռնարկել ապօրինությունը կանխելու համար: Այսինքն` փաստը, որ «Սպիտակ լիճ» կոչվող ջրամբարից կատարվում է ապօրինի ավազահանում, ընդունում է նաև Իջևանի քաղաքապետարանը:
Սակայն որտեղի՞ց իմանար լրագրողը, որ քաղաքապետը պայքարում է դրա դեմ, եթե վերջինս զլացել է նրան ներկայացնել այդ գրությունները կամ մեկնաբանել հաջողության չհասնելու պատճառները: Եթե նույնիսկ քաղաքապետը նշված գրությունները ներկայացներ լրագրողին, միևնույն է, լրագրողը պատճառ չուներ անտեսելու ինֆորմացիայի իր աղբյուրները և, չբացահայտելով դրանք, ասելու, որ բիզնեսը վերահսկողը քաղաքապետն է:
Ի վերջո, այդ միտքը շարադրելով` Ո. Սարգսյանն այն չի արձանագրել որպես հաստատված փաստ, այլ նշել է, որ կան տեղեկություններ, և իր ունեցած տեղեկության հավաստիությունը փորձել է ստուգել նաև քաղաքապետից: Սակայն վերջինս լրագրողի` մեկնաբանություն ստանալու ոչ գրավոր, ոչ բանավոր խնդրանքին չի ընդառաջել: Լրագրողն էլ տարածել է այն, ինչ իր փնտրտուքի արդյունքում կարողացել է գտնել: Տաքսու վարորդը իրավունք չունի՞ «բարի խոսքերով հիշելու» քարուքանդ ճանապարհների համար պատասխանատու քաղաքապետին, թե՞ լրագրողը իրավունք չուներ գրի առնելու քաղաքացու արտահայտած միտքը:
Համաձայն այս վճռի` իրավունք չուներ ոչ գրի առնելու, ոչ էլ դատողություններ անելու իր հավաքած փաստերի շուրջ: Դատավորը սահմանափակում է այդ իրավունքը, որը լրագրողն ունի մասնագիտության բերումով, այլապես անհնարին կդառնար նրա աշխատանքը:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
Այսօրինակ դատական վեճեր հաճախ են քննվել, և ոչ միայն մեր երկրում: Դատավորն այս վեճը լուծելու համար նոր հայտնագործություն անելու կարիք չուներ, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այս հարցի պատասխանը բազմիցս տվել է իր կայացրած վճիռներով և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատության իրավունք) կիրառելու իր հանձնարարականով (1994 թ. հունվարի 18): «Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության լրջագույն հիմքերից է, նրա առաջընթացի և յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը:
Այն տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների կամ գաղափարների» վրա, որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլև այնպիսիների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որևէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն»« («Հանդիսայդն ընդդեմ Ավստրիայի»):
«Քաղաքական կամ հասարակական գործիչները, որոնց թվին ՄԻԵԴ-ը դասում է նաև համայնքների ղեկավարներին, պետք է առավել հանդուժող լինեն քննադատության հանդեպ, քան մասնավոր անձինք, քանի որ «ի տարբերություն վերջիններիս` հասարակական գործիչը գիտակցաբար ընդունում է, որ իր յուրաքանչյուր խոսք կամ արարք կարող է լուրջ քննության առիթ հանդիսանալ լրագրողների կամ լայն հանրության համար և պետք է, հետևաբար, դրսևորի տոլերանտության ավելի մեծ աստիճան» («Լինգենսն ընդդեմ Ավստրիայի», 1986 թ):
Այս երկու միտքը, որոնք ՄԻԵԴ-ը արտահայտել է նույնաբնույթ դատական վեճերի առիթով, ուղեցույց են անդամ բոլոր երկրների դատարանների համար: Այլ նպատակներ չհետապնդող դատարանը ընդամենը պետք է կիրառեր այն մոտեցումները, որով պաշտպանության տակ է առնվում լրագրողական աղբյուրները չբացահայտելու կարևորությունը, «հակառակ դեպքում կխաթարվի մամուլի` որպես հասարակության շահերի պաշտպանի կենսականորեն կարևոր դերը», միաժամանակ լրագրողին չէր զրկի հավաքած փաստերի շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելու իրավունքից, որը դատավորը սահմանափակել է կայացրած վճռով:
Պրն Խանդանյանը գուցե ծանո՞թ չէ Եվրադատարանի այս մոտեցումներին, այդ պատճառով է այլ եզրահանգման եկել: Ավելին, կայացված վճռի բովանդակությունը կասկած է հարուցում, թե դատավորը կարդացել է հրապարակված հոդվածները: Տպավորություն է ստեղծվում, որ Գ. Խանդանյանին մտահոգողը եղել է միայն 930 հազար դրամը քաղաքապետին վերադարձնելը, որը ետ չստանալու դեպքում քաղաքապետն, իրոք, կարող էր պատվի ու արժանապատվության լուրջ խնդիր ունենալ, հատկապես իր ավագանու հետ լարված փոխհարաբերությունների այս շրջանում:
Պրն Ներսիսյանն իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պաշտպանելու համար քաղաքապետարանի բյուջեից դատական ծախսերի համար գումար հատկացնելուն դեմ արտահայտված ավագանուն խոստացել էր, որ այն կվերադարձնի բյուջե:
Այս վճռով, թերևս, շահեկան վիճակում հայտնվեց քաղաքապետը, իսկ ի՞նչ շահեց արդարադատությունը, որին կոչված է ծառայելու դատավոր Գագիկ Խանդանյանը: Միայն այն, որ ևս մեկ վճռով խորացրեց դատական համակարգի նկատմամբ անվստահությունը: Պրն Խանդանյանը, պարզվում է, իր գործունեության ընթացքում հաճախ է հանգում այսպիսի անվերապահ համոզմունքների: Արդարադատության խորհուրդը ամիսներ առաջ նրան նկատողություն հայտարարեց` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25%-ից զրկելով այն պատճառով, որ ԱԽ անդամ դատավորը անվերապահ համոզմունք էր ունեցել, որ մեկ անգամ արդեն Ինտերպոլում հաշվառված անձը, երկրորդ անգամ ձերբակալվելով «հերոին» տեսակի թմրամիջոց պահելու համար, չի թաքնվի քննությունից, և մերժել էր կալանքի թույլտվություն ստանալու քննիչի որոշումը: Այս դեպքով, սակայն, նրան չի հաջողվել շրջապատին փոխանցել իր անկեղծ համոզմունքը:
Մեկնաբանել