Չատերի թեման այլեւս ակտուալ չէ
Ընդամենը մի քանի տարի առաջ չատային շփումները երիտասարդների ժամանցի անբաժանելի մասն էին: Այսօր նույն չատերում ծանոթացած user-ները միմյանց հետ օնլայն շփվում են սոցիալական ցանցերում: Հայերը հիմնականում օգտվում էին myhayastan-ից, IRC չատային տեխնոլոգիայի #erevan բաժնից:
Կային նաեւ այլ չատեր` վեբ-չատեր, որոնցից էին skizb.am-ը, gyumri.am-ը: Հայերը շատ էին այցելում հայկական դոմեյններով չատեր, որովհետեւ կար freenet-ը, որ հնարավորություն էր տալիս անվճար մուտք գործել միայն հայկական կայքեր: Myhayastan-ը, որը չատային շարժման առաջատարն էր Հայաստանում, հիմա սոցցանց է` myhayastan.am: Այսօր լայնորեն գովազդվում է Armenia-online.ru-ն:
IRC Channel-ում մեծամասամբ մնացել են մասնագիտական, տեխնիկական բաժինները, որտեղ ինտերնետի գիտակ մարդիկ շփվում են նոր տեխնոլոգիաների մասին հարցերի շուրջ: Չատի հիմնական բնորոշ հատկությունը իրական ժամանակում հաղորդակցությունն է, որով էլ տարբերվում է ավելի «դանդաղ» ֆորումներից: Եթե սոցցանցերն ու չատերը մրցակիցներ են վիրտուալ աշխարհում, ապա նույնը չի կարելի ասել ֆորումների մասին: Դրանք պատկանում են մեկ այլ ժամանցային կատեգորիայի: Akumb.com, armkb.com, forum. vision.am` ահա հայ երիտասարդների շրջանում ամենապոպուլյար ֆորումների եռյակը:
«Դար» ինտերնետային ակումբը (Akumb.am-ը) 6000-ից ավելի անդամ ունի, որոնցից 613-ն են ակտիվ, ֆորումում կան 18000-ից ավել ստեղծված թեմաներ: Armkb.com-ը 10000-ից ավելի անդամ ունի: Չնայած armkb.com-ի անդամներն ավելի շատ են, բայց akumb.am-ն է, թերեւս, հայտնի որպես ամենաակտիվ ֆորում: Ակումբի անդամներն իրար ակումբացի են ասում: Ֆորումում բոլորն իրար ճանաչում են նիկերով: Գրառումները պարտադիր պետք է հայատառ լինեն, սա ակումբի կանոնն է: Չնայած օգտվողների մեծ թվին` «Դար» ինտերնետային ակումբում գովազդ չկա: Ասում են` ակումբացիները մինիկուլտուրա են ձեւավորել: Իրենք անգամ ակումբատնակ ունեն, ամեն շաբաթ հավաքվում են: Ծանոթության ռուսական կայքերը համացանցում հայ տղամարդկանց եւ կանանց սիրելի վայրերից են: Անգամ փոքր-ինչ ավանդապաշտ հայերի համար վիրտուալ աշխարհում ծանոթությունների տարատեսակները բազմազան են, իսկ հնարավորությունները` անսահման:
Մեկնաբանել