Մինչեւ դեկտեմբերի վերջ կունենանք 3D կինոդահլիճ
3D ֆիլմերի մուտքը կինոարդյունաբերություն համեմատելի է կինոյի ոլորտում այն հեղաշրջումների հետ, որոնք առաջացան, երբ սեւ ու սպիտակ պատկերը փոխարինվեց գունավորով, եւ երբ կինոյում հայտնվեց ձայնը: 3D պատկերը կար դեռեւս անցած դարի 50-ական թվականներին, սակայն 3D ֆիլմերի արտադրությունը թափ ստացավ միայն 2010 թվականին:
3D ֆիլմերի արտադրությունը «սովորական» ֆիլմերի համեմատ շատ ավելի դժվար գործընթաց է, այն ծախսերն ավելացնում է 10-20%-ով: Նկարահանումների համար անհրաժեշտ է երկու տեսախցիկ, որոնք պետք է զուգահեռ եւ համաչափ աշխատեն: Եռաչափ ֆիլմերը բաղկացած են երկու պատկերից. մեկը` աջ աչքի համար, մյուսը` ձախ աչքի համար: Եթե այդ պատկերները ճիշտ են զուգակցվում, իսկ մարդը էկրանին է նայում հատուկ ակնոցի միջով, երկու պատկերները նրա համար միանում են մեկ ծավալայինի մեջ: Հայաստանում «Արայ» ընկերությունն արդեն իսկ վաճառքի է հանել LG-ի արտադրության 3D հեռուստացույցներ, հայ սպառողին մնում է միայն սպասել 3D ֆիլմերի` տնային պայմաններում դիտելու համար:
3D-ն Հայաստանում
Ամառային ամիսներին «Մոսկվա» կինոթատրոնի վիդեոդահլիճում փորձաշրջան են անցնում 3D ֆորմատով ցուցադրությունները: Առայժմ 3D ֆորմատով կարելի է դիտել «Ճամփորդություն դեպի Երկրի կենտրոն» ֆիլմը, բայց մինչեւ տարեվերջ «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում նախատեսվում է նոր 3D տեխնիկայի տեղադրում: 3D ֆորմատով ցուցադրությունների հանդեպ հետաքրքրությունը աշխարհը գրավեց, իհարկե, Ջեյմս Կեմերոնի «Ավատար» ֆիլմից հետո: Աշխարհում «Ավատարը» հավաքեց 2 մլրդ 727 մլն գումար, Ռուսաստանում` 114 մլն դոլար: Հենց «Ավատարից» հետո շատ ֆիլմեր նկարահանվեցին եռաչափ ֆորմատով` ազդարարելով կինոյի զարգացման նոր փուլի սկիզբը:
Ի՞նչ ենք նայում
ԱՄՆ-ում առաջատարի դիրք է գրավել Քրիստափոր Նոլանի թրիլլերը` «Սկիզբը»: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Անցած շաբաթվա արդյունքներով` այն տեղ է գտել ամենաշատ գումար հավաքած կինոնորույթների վարկանիշային առաջին տեղում: Դի Կապրիոյի համար, ով ֆիլմում գողի դեր է տանում, որը քնած մարդկանց ենթագիտակցությունից ինֆորմացիա է գողանում, սա եղել է կարիերայի ամենալավ ցուցանիշը: «Սկիզբը» Հայաստանում կլինի օգոստոսի սկզբին: Երիտասարդների սիրելի «Մթնշաղը» սագայի երրորդ մասը, չնայած սկզբնական շրջանում ունեցած մեծ հաջողությանը, Ռուսաստանում իր դիրքերն արագ զիջեց: Հայաստանում ամենաշատ հանդիսատես «Ավատար»-ից հետո գրավում է վամպիրների մասին պատմող հենց այս ֆիլմը: 2010-ին «Ընդմիշտ Շրեկ» ֆիլմով ավարտվեցին Շրեկի մասին պատմությունները: Այս տարի Շրեկն այնքան էլ շատ հայ հանդիսատես չբերեց կինոթատրոններ` համեմատած անցած տարիներին Շրեկի հանդեպ հետաքրքրության ալիքի հետ: Օգոստոսի կեսից հայ հանդիսատեսը սպասում է Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի պրեմիերային: Դեկտեմբերին Հայաստանում սպասում են նաեւ «Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւները» ֆիլմին, որի պրեմիերան աշխարհում կկայանա նոյեմբերի 17-ին:
Ինչպե՞ս են «աշխատում» ֆիլմերը
Ֆիլմի հաջողության օբյեկտիվ ցուցանիշներից մեկը տոմսարկղերի արդյունքներն են: Թե որ ֆիլմը որքան գումար է վաստակել կինոսեանսներից Հայաստանի կինոթատրոններում, եւ ինչքան հանդիսատես է հավաքել, հնարավոր չէ իմանալ, չնայած միջազգային պրակտիկայում սա ընդունված բան է: 2010 թ. ընթացքում Ռուսաստանի բոլոր կինոթատրոնները միանալու են կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկությունների մեկ միասնական ավտոմատացված համակարգի: Ենթադրվում է, որ կինոթատրոններում տոմսերի իրացման մասին տեղեկությունները ավտոմատ կերպով փոխանցվելու են Մշակույթի նախարարությանը: Կինոշուկայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում կինոդիտումներից ստացված եկամուտների մինչեւ 30-50%-ը թաքցվում է: Համաձայն ուսումնասիրությունների` այդ գումարը կարող է հասնել 5 մլրդ ռուբլու: Երբ հանդիսատեսը քվեարկում է ֆիլմի համար տոմս գնելով, դա ֆիլմի որակի որոշակի գնահատական է: Բայց այդ ցուցանիշը միակ ճշմարիտը համարելը սխալ կլինի: Ի վերջո, բոլոր ֆիլմերն ի սկզբանե տարբեր պայմաններում են. որոշ ֆիլմեր լայնորեն գովազդվում են, ցուցապաստառներից աչք են ծակում աստղերի անունները, իսկ որոշներն անգամ պաստառներ չունեն, ստեղծվում են սկսնակ կինոռեժիսորների կողմից, ովքեր չեն կարող աստղերի հրավիրել: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք ազդում են ֆիլմի ֆինանսական ցուցանիշների վրա: Բացի այդ, բոլոր երկրներում ֆիլմի` էկրան բարձրանալու պայմանները տարբեր են, ուստի համեմատել ֆիլմի ցուցանիշները տարբեր երկրներում դժվար է:
«Կան աշխարհահռչակ ֆիլմեր, որոնք Հայաստանում չեն աշխատում: Սարսափ ֆիլմերն այստեղ բացարձակ չեն աշխատում: Հայ հանդիսատեսին հիմնականում գրավում են արկածային եւ պատմական ժանրի ֆիլմեր, կոմեդիաներ, անիմացիոն ֆիլմեր»,- ասում է «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Տոմա Մովսիսյանը:
Ֆիլմերը Հայաստան գալիս են Ռուսաստանից, որտեղ պրեմիերաները շատ չեն ուշանում, իսկ հաճախ նաեւ զուգահեռ են անցկացվում: Հայաստան ֆիլմերը «երկրորդ, երրորդ էկրան» են բարձրանում: Արդյունքում ֆիլմերը մեզ հասնում են 2-3 շաբաթ անց: Հայաստան բերվող ֆիլմերի ընտրությունը Մոսկվայում գործող «Պարադիզ» ընկերությունն է իրականացնում: Այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենուր սովորական է դարձել մինչեւ կինոպրեմիերաներ համացանցից ֆիլմերի ներբեռնումը, որը հաճախ արվում է ոչ օրինական ճանապարհով եւ վնասում հատկապես փոքր կինոընկերություններին: Ֆիլմերի գնահատման հետ կապված խնդիրները լուծելու համար էլ կինոյի աշխարհում պարբերաբար փառատոներ են անցկացվում, մրցանակներ են շնորհվում: Կինոփառատոները կոչված են ցույց տալու ժամանակակից ֆիլմարտադրության միտումները, ընտրելու տարվա լավագույն ֆիլմերը: Իհարկե, ոչ մի փառատոն չի կարող հավակնել օբյեկտիվ լինելուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել