
Հերթական փորձը` վերականգնելու կինոցանցը մարզերում
Վաղը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կմեկնարկի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ու մանկական ֆիլմեր: Կազմակերպիչները փորձել են ամեն մարզում ներկայացնել գոնե մեկ նոր ֆիլմ:
Կինոծրագրի շրջանակներում ցուցադրվելու են կինոարխիվային բացառիկ նյութեր, մինչեւ այժմ չցուցադրված կադրեր` 20-30 –ականների ժապավեններ, կազմակերպվելու են հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ծրագիրը մեկնարկում է մարզերում եւ եզրափակվելու է Երեւանում հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոկենտրոնի նախագահի խոսքերով սա իր նպատակն ունի` կազմակերպելով ցուցադրություններ մարզերում նպաստել կինոդահլիճների և սրահների ցանցի ստեղծմանը, եւ առհասարակ, ուշադրություն դարձնել մարզային մշակութային կյանքի աշխուժությանը:
Ցուցադրությունների համար հիմնականում ընտրվել են անկախության շրջանում արտադրված ֆիլմերը' գեղարվեստական, անիմացիոն, վավերագրական եւ մանկական: Այս միջոցով կինոկենտրոնը փորձում է պահպանել հանդիսատեսի կապը հայկական կինոյի հին ավանդույթների եւ վերջին ժամանակներում ստեղծվող ֆիլմերի հետ:
Նշենք, որ այս նախագիծը հովանավորում է Ռուսաստանի հայերի միությունը, որը հատկացրել է 25 հազար դոլար: Մշակույթի նախարարությունն իր հերթին հատկացրել է երեք միլիոն դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել