
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այսօր դատապարտվեցին համապատասխանաբար 7 եւ 10 տարվա ազատազրկման:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախկին պաշտոնյաներին վերագրվող հանցանքն ապացուցված համարեց, թեեւ երկուսն էլ հայտարարել են, որ մեղադրանքը չեն ընդունում:
Ըստ մեղադրանքի` անցյալ տարվա դեկտեմբերին Արսեն Պետրոսյանը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը նվազեցնելու համար պահանջել եւ ընկերության ներկայացուցչից ստացել է 5 միլիոն դրամ կաշառք: Իրավապահները հենց Պետրոսյանի աշխատասենյակում վերջինիս մոտ հայտնաբերել էին հատուկ նշագրված գումարից 1 մլն 210 հազարը, իսկ մյուս մասը` 3 մլն 790 հազարը, նա փոխանցել էր իր պետին` Տիգրան Գրիգորյանին:
Բացի դրանից` Արսեն Պետրոսյանը մեղադրվում էր նաեւ «Դելտա Ֆրագմենտ» ընկերության տնօրենից 400 հազար դրամ կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:
Մեղադրողը դատարանին միջնորդել էր նախկին պետին դատապարտել 8, իսկ նրա տեղակալին` 10 տարվա ազատազրկման: Դատավորն Արսեն Պետրոսյանի դեպքում այդպես էլ վարվեց: Իսկ ահա տեսչության նախկին պետին ազատազրկեց միջնորդածից 1 տարի պակաս ժամկետով` 7 տարվա ազատազրկման:
Դատարանը որոշեց նաեւ բռնագանձել Տիգրան Գրիգորյանի գույքի 1/4-րդ մասը, Արսեն Պետրոսյանի` 1/2-ը:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել