HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արքայից արքայի ծննդյանը նվիրված տոնակատարությունները մեկնարկել են

Այս տարի լրանում է Հայոց արքա Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակը, որին նվիրված միջոցառումները սկսվել են դեռ մայիսի 12-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած եռօրյա գիտաժողովով, ապա շարունակվել Բեռլինում, Հալեպում, Լայպցիգում, Համբուրգում, Փարիզում եւ Մարսելում` հայագիտական դասախոսությունների շարքով: «Ցավում ենք, որ չնայած մեր ջանքերին` Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակը համապետական մակարդակով չնշվեց»,- ասում է «Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ Արտակ Մովսիսյանը: Օգոստոսի 11-ին` Հայոց Բուն Տոմարի առաջին` Նավասարդի 1-ին օրը «Սերունդ» հայապահպան միավորումը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ նախաձեռնում է ուխտագնացություն դեպի Արցախի Տիգրանակերտ: Դա, ըստ Արտակ Մովսիսյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ Տիգրան Մեծը հիմնադրել է 7 քաղաք` Տիգրանակերտ անունով, բայց այժմ դրանցից միայն Արցախի Տիգրանակերտն է, որ գտնվում է հայերի տիրապետման տակ: «Ուխտագնացությունը նպատակ ունի շեշտելու նաեւ ազատագրված տարաքները, քանի որ երբ Տիգրան Մեծը հայտնվեց միջազգային բարդ կացության մեջ, ինքը զիջեց նվաճած տարածքները, բայց հայրենական մի թիզ հող չզիջեց: Մենք այս ուխտագնացությամբ ուզում ենք շեշտադրել տիգրանյան խորհուրդը եւ դասը` մեր օրերի համար»,- ասում է Արտակ Մովսիսյանը: Ուխտագնացությունը մեկնարկելու է օգոստոսի 11-ի առավոտյան` Հայկ Նահապետի արձանին պսակադրությամբ: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դրանով մտադիր են նշել եւ Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակը, եւ Սեւրի պայմանագրի 90-ամյակը, որը լրանում է օգոստոսի 10-ին, եւ Հայոց Բուն Տոմարի 4502 թվականը: Արցախի Տիգրանակերտից բացի, միջոցառումներ են նախատեսվում Ստեփանակերտում, Շուշիում եւ Բերձորում: Տիգրանակերտում կբացվի Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված հուշաքար, կցուցադրվի նաեւ «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը: Հաջորդ օրը` օգոստոսի 12-ին, նախատեսվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում անցկացնել ոգեկոչման արարողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter