HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիֆլիսահայերը չեն կարողանում մոմ վառել հայկական եկեղեցում

«Մենք ուզում ենք մտնել Նորաշենի եկեղեցի և մոմ վառել, ի վերջո` դա մեր իրավունքն է,-ասում է թիֆլիսահայ Միքայել Դավթյանը,- մենք ամեն կիրակի գնում ենք Նորաշենի բակ, այն մեր` հայերիս հավաքատեղին է, ուրիշ տեղ չունենք էլ գնալու, ինչու չենք կարող ներս մտնել և մոմ վառել»,- շարունակում է նա:

Նորաշենի Սուրբ Աստվածածինը «վիճելի» եկեղեցիներից մեկն է: Այժմ այն փակված է, իսկ շրջակա տարածքը ծառայում է որպես հայերի հավաքատեղի: Թիֆլիսահայերը ցավագին են ընդունում այս հանգամանքը, քանի որ տարիներ շարունակ ձգձգվում է վիրահայոց թեմի կարգավիճակի և Թբիլիսիի 5 եկեղեցիները Հայ Առաքելական եկեղեցուն հանձնելու հարցերի լուծումը: Չեն օգնում ո'չ նամակները, ո'չ խնդրագրերը, ո'չ դիմումները և ո'չ էլ ներկայացված պահանջները: 

Վրացահայ համայնքը կարծում է, որ այս հարցի վերջնական լուծման համար հարկավոր է խիստ պահանջեր ներկայացնել Վրաստանի իշխանություններին, ստիպել նրանց օրինականացնել եկեղեցիների և վիրահայոց թեմի կարգավիճակը` ելնելով իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից: Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի (ՎՀՀԿ) նախագահ Կարեն Էլչյանն ասում է, որ իրենք բողոք էին հայտնել տեղի առաջնորդարանին և Էջմիածնին` նրանց պասիվ աշխատանքի համար, այս տարվա մայիսին Վեհափառի անունով նամակներ են ուղարկել Մայր Աթոռ,  Վրաստանի մշակույթի նախարարին` կոչ անելով վերջնականապես դադարեցնել Նորաշենի հետ կապված անօրեն գործողությունները և լուծել եկեղեցիների հարցը: 

«Վեհափառի պատասխանը կարելի է մի քանի բառով պատմել, մոտավորապես այսպես` «շատ ապրեք, որ ակտիվ եք, աշխատեք ձեր Սրբազանի հետ, և բոլոր հարցերը մենք կլուծենք»»: Վրաստանի Մշակույթի նախարարությունն էլ պատասխանել էր, որ դիմումը կուղարկվի «վերին ինստանցիաներին, քանի որ այդ հարցը շատ ավելի լուրջ է, և իրենք չեն կարող այն լուծել»:  «Քանի որ այս տարվա մեջ մենք արդեն երկրորդ անգամ ենք աղմուկ բարձրացնում նույն եկեղեցու պատճառով և Հայ Առաքելական եկեղեցու կողմից ստանում ենք միայն նեգատիվ հետադիմություն, «պրովոկատորի» պիտակ ու լիքը խոստումներ ՀՀ իշխանություններից, ստիպված ամեն աղմուկից հետո սպասում ենք կոնկրետ քայլերի, հիմա նորից մի քիչ կսպասենք, տեսնենք` ինչ է կատարվելու, զուգահեռ մշակում ենք ավելի լուրջ ծրագիր»,-նշում է Կարեն Էլչյանը:

«Մենք ինչպես պայքարենք: Մենք չունենք ո'չ կարգին դիվանագիտական, ո'չ էլ հոգևոր առաջնորդներ: Իսկ մեր տեղացի պատգամավորների միայն անուններն են պատգամավոր, ինչ պիտի մենք սպասենք նրանցից: Ի վերջո, ինչ դարձավ էդ Վրաստանը, և ով դարձավ վրացին, որ բոլորը վախեցած են էդպես: Մենք պետք է համառորեն պայքարենք, որ մտնենք եկեղեցի: Ի վերջո, պիտի մտնենք ներս, թե ոչ»,- դժգոհում է թիֆլիսահայերից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: 

Թիֆլիսահայ գործընկերների պահվածքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը համարում է տրամաբանական և կարծում է, որ դա բխում է Վրաստանում ստեղծված համակարգից, որ օբյեկտիվ պայմաններում նրանցից ակնկալիքներ ունենալն այնքան էլ իրական չէ: «Վերջին դեպքերի հետ կապված փորձել են միջամտել, արագ կարգավորել խնդիրը, որ աղմուկ չբարձրացվի, համաշխարհային հնչեղություն չստանա, հայության աղմուկը չբարձրանա: Դա նաև չի բխում թիֆլիսահայ համայնքի ազդեցիկ դեմքերի շահերից: Կամ պիտի պատգամավոր լինես, կամ չլինես»,- բացատրում է Շիրակ Թորոսյանը: 

Վրաստանի նախագահի խորհրդական, Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրթյանը «Ջի-Էյչ-Էն» գործակալության թղթակցին պատմել է, որ արդեն 4-րդ անգամ ներկա է եղել հայր Տարիելի խոստմանը` իր նախաձեռնությունները համաձայնեցնել վիրահայոց թեմի հետ: Այդքանից հետո Վան Բայբուրթյանը դեռ համոզված է, որ հայր Տարիելը իրականացնում է բարեկարգման աշխատանքներ. «Հայր Տարիելը հայտարարեց, որ գործում է ի բարօրություն եկեղեցու, և նա, իրոք, Սուրբ Նորաշենի բակում բարեկարգում է ծաղկաթմբերը, արևմտյան մուտքի կողմից նորացնում է ցանկապատը»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը` նաև շեշտելով, որ այդ ցանկապատի վրա հայր Տարիելը ինքնակամորեն տեղադրել է վրացական եկեղեցուն բնորոշ խորհրդանշան: «Այդ բոլոր աշխատանքները հայր Տարիելը իրականացրել է` չունենալով ո'չ Վրաստանի պատրիարքարանի, ո'չ էլ Թբիլիսիի քաղաքապետարանի կարգաթուղթն ու թույլտվությունը»,- ասել է Վան Բայբուրթյանը:

ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության բաժնի պետ Արտյոմ Գրիգորյանն ասում է, որ իրենք սովորաբար ուղարկում են նամակներ, բայց պատասխան չեն ստանում: Վերջին դեպքի առիթով Մշակույթի փոխնախարարը, որը միաժամանակ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահն է, այս հարցով դիմել է ԻԿՕՄՕՍ/Վրաստանի նախագահին: Արտյոմ Գրիգորյանը հաստատում է, որ իրենք չեն կարող միջամտել, քանի դեռ պարզված չէ, թե Նորաշեն եկեղեցին Վրաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկերում գրացված է, թե ոչ: 2003 թ. Թբիլիսիում կազմակերպված միջազգային կոնֆերանսում փորձել են բանավոր բանակցել և ձեռք բերել Վրաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկը, սակայն բազմաթիվ խոստումները, որ դրանք կտրամադրվեն, այդպես էլ չեն կատարվել: Մինչդեռ գրավոր դիմելու փորձ չի էլ եղել: 

«Կարող եմ ենթադրել, որ դա թաքուն միտում է Վրաստանում` հայկական հետքերը աստիճանաբար նվազեցնելու, որը հնարավոր է, որ պետական միջամտությամբ է արվում, հնարավոր է, որ ժողովուրդը ինքնաբուխ էլ է անում: Այս երևույթը բավականին խորը և լուրջ արմատներ ունի: Մենք բոլորս էլ գիտենք, որ Թբիլիսի քաղաքի ստեղծման մեջ հայերը մեծ լումա ունեն, երևի թե դա Վրաստանի իշխանությունների և ժողովրդի մոտ բարդույթներ է առաջացնում»,- նշում է մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության բաժնի պետը: Վերջինս հաստատում է, որ հուշարձանների քանդման երևույթը միայն Վրաստանում չէ, և շատ հաճախ դա քաղաքական հիմքի վրա է լինում, մի նամակ գրելով` հնարավոր չէ վերացնել կամ կանխել նման երևույթները, որովհետև, եթե այդ երկիրը նման ծրագիր ունի, մի քիչ դանդաղ, մի քիչ արագ` իրականացնելու է: Արտյոմ Գրիգորյանը համոզված է, որ վրացիները շատ հայտնի ու պատմական հուշարձաններ չեն ընդգրկել իրենց ցանկերում, որովհետև եթե ընդգրկում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրանց նկատմամբ: «Պետք է հարաբերություններ ստեղծել, բարի կամք առաջացնել նրանց մոտ, հանգստացնել նրանց, որ դրանք վտանգ չեն ներկայացնում, դրանք ուղղակի պատմական իրողություն են և երկու ժողովուրդների համատեղ գոյակցության արդյունք, ոչ ավելին»,-վստահեցնում է մշակույթի նախարարության ներկայացուցիչը` նշելով, որ այս դեպքում ոչինչ հնարավոր չէ անել, ոչ էլ կարող ենք պատժել: Ըստ Արտյոմ Գրիգորյանի` միակ ելքը ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջոցով վրացիների վրա ազդելն է, քանի որ Վրաստանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ է և ընդունել է «Բնության և հուշարձանների պահպանության» կոնվենցիան: Մեր այն հարցին, թե ինչու մինչ այժմ այդ քայլին չեն դիմել, և ինչ պետք է անել, որպեսզի նման իրավիճակները հետագայում կանխվեն, Ա. Գրիգորյանը դժվարացավ պատասխանել. «Դա էլ արդեն պետական քաղաքականության հարց է, ես դժվարանում եմ ասել: Դա կարող է սկսվել Մշակույթի նախարարությունից, բայց դա լավ ձև չի: Մենք դա արել ենք Ջուղայի գերեզմանքարերի դեպքում, դիմել ենք ԻԿՕՄՕՍ-ին, ՅՈՒՆԵՍԿՈ-ին, բայց Վրաստանի դեպքը մի քիչ այլ է, մենք պետք է հասկացնենք, որ բարի կամք դրսևորեն,- նշում է Ա. Գրիգորյանը:- Ես գտնում եմ, որ այդ հարցին պետք է վերջ դրվի, բայց ձևը չեմ կարող գտնել, որովհետև մենք տխուր դեպք ունենք Ադրբեջանի պարագայում»: 

Տարօրինակ է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նույնիսկ մոտավորապես չի հաշվառել հայկական պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները Վրաստանում, նույնիսկ հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում: «Այդ հարցով զբաղվում է RAA-ն (հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն)»,-մատնանշում է Ա. Գրիգորյանը,- մեր արխիվներում նյութեր կան, բայց ներկա պահին այդ գործընթացով մենք չենք զբաղվում»:

Սամվել Կարապետյան. «Եթե մենք ամեն րոպե կարող ենք թքել մեր նախնիների հիշատակին, ավելորդ է զբաղեցնել այս տարածքը»:

Նոյեմբերի 21-ին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց իրենց վրդովմունքն ու բողոքը արտահայտեցին հայ բլոգերները: Նրանք Վրաստանի դեսպանատան մուտքի մոտ դագաղով «թաղեցին Վրաստանի նորածին ժողովրդավարությունը»: Մասնակիցները վրացական կառավարությունից պահանջեցին պատժել հայկական եկեղեցիների դեմ ոտնձգությունների հեղինակ հայր Տարիելին։ «Կատարվում է հանցագործություն, խուլիգանություն, գերեզմաններ են քանդվում, ոչնչացվում են պատմական հուշարձաններ. յուրաքանչյուր դեպքում, երբ մեկի պատուհանը ջարդում ես, քրեական գործ են հարուցում, իսկ Վրաստանում դրա համար տալիս են տերտերի կոչում և պաշտոնական պահպանություն, հարգանք, պատիվ և այլն: Չկա մեկը, որ ասի` քրեական հանցագործություն է կատարվում: Կատարվում է հանցագործություն մարդկության դեմ, դա սպիտակ եղեռնի նման մի բան է: Պարզվում է` նման բան թույլատրվում է, պարզվում է` դա կարելի է խրախուսել: Նույն գործողությունները կատարվում են նաև Ջավախքում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: 

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը ևս համոզված է, որ իսկապես հանցագործություն է կատարվել: Եթե վրացիները չեն պատժում իրենց հանցագործին, ուրեմն միակ ելքը Եվրոպական դատարան դիմելն է. «Դարեր շարունակ մենք արհեստով և արվեստով ենք զբաղվել, հիմա պետք է դատով զբաղվենք: Մեր եկամտի աղբյուրը արվեստն ու առևտուրն է եղել, հիմա դատը կարող է լինել հայ ժողովրդի եկամտի աղբյուրը: Մեր պապերն այնքան են ստեղծել, և մեր հարևաններն այնքան են փչացրել, որ մեզ մի քանի դար հերիք է այդ դատերով ապրելու,- նշում է Սամվել Կարապետյանը և շարունակում,- փեշակը պետք է փոխել, իսկ սրան ու նրան դիմում գրելը` «վարչապետը դիմեց իր կոլեգային, կաթողիկոսը դիմեց պատրիարքին» և այլն, չպիտի դիմենք, պիտի դատենք: Եթե պիտի շարունակենք այն տրամաբանությամբ, որ դատի դեպքում վրացիները կարող է ճանապարհ փակեն և այլն, եթե այդ տրամաբանությամբ 30 հազար քառ. կմ ենք զբաղեցնում երկիր մոլորակի վրա, ապա պետք է տեղ տանք պատիվ ունեցող ազգերին, ովքեր պատվով կարող են ապրել: Եթե մենք ամեն րոպե կարող ենք թքել մեր նախնիների հիշատակին, ավելորդ է զբաղեցնել այս տարածքը»: 
Նորաշենի վերջին դեպքից հետո տարբեր ասուլիսներով ու մտահոգություններով հանդես եկան ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը և ԵՊՀ հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Հայկազուն Ալվրցյանը: Երկուսն էլ մեղադրեցին հայաստանյան իշխանություններին և Մայր Աթոռին պասիվության մեջ: «Այս ամենը արդյունք է այն իրողության, որ թե' պետական, թե' Մայր Աթոռի մակարդակով մշակված քաղաքականություն չկա: Անընդհատ հասարակությունն արձագանքում է, բայց սրանք միջպետական, միջեկեղեցական կայուն հարաբերությունների սահմանված խաղի կանոնների կարիք ունեն»,- վստահ է Հայկազուն Ալվրցյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նոյեմբերի 21-ին «Հայելի» ակումբում կազմակերպված բանավեճի ժամանակ նշեց, որ Մայր Աթոռը բնավ էլ անտարբեր չէ այս հարցերի նկատմամբ և մշտապես քայլեր է ձեռնարկում այդ ոտնձգությունները կասեցնելու համար: «Մի' կարծեք, որ լռություն է տիրում: Լռություն չի տիրում: Պարզապես մենք գործում ենք, բայց միշտ չէ, որ նպատակահարմար ենք գտնում կատարվող գործողություններին կամ քայլերին հնչեղություն տալ, որովհետև միշտ չէ, որ այդ հնչեղությունը օգտակար է լինում»,-պարզաբանել է Տեր Վահրամը: 

Շիրակ Թորոսյանն էլ ուրախությամբ նշեց, որ ասուլիսում արտահայտված մտահոգություններին արձագանքեցին ՀՀ վարչապետը, արտգործնախարարը, ԱԺ նախագահը և Մայր Աթոռը, և բողոքի նոտա հղվեց Վրաստան` ՀՀ-ում Վրաստանի դեսպանի միջոցով: «Իսկ արդյունքն այն էր, որ հայր Տարիելը ներողություն էր խնդրել, և շիրմաքարերը տեղադրել էին տեղը»,- ասում է պատգամավորը: Իսկ եթե առաջիկայում նորից ոտնձգություն լինի հայկական մշակութային կոթողների նկատմամբ, ըստ պատգամավորի` իրենք կսկսեն մտածել, թե ինչ պետք է անել` դադարեցնելու այդ ոտնձգությունները: «Ուզում եմ հավատալ,  որ Վրաստանում այսքանից հետո չեն կրկնվի նման քայլերը, եթե կրկնվեցին, ուրեմն չկա տարրական հարգանք իրենց քաղաքացի ստվար ազգային փոքրամասնության նկատմամբ, ընդհանրապես հոգևոր արժեքի նկատմամբ, ինչու չէ` նաև հարևան երկրի նկատմամբ»,-հավելում է Շիրակ Թորոսյանը: 

Վրաստանում Վիրահայոց թեմի և հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորվող ոտնձգությունների առնչությամբ նոյեմբերի 21-ին վերջապես լրջորեն մտահոգվել է նաև Մայր Աթոռը: Գերագույն Հոգևոր Խորհուրդը «դատապարտեց քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները»` կոչ անելով  «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում և նախանձախնդիր պայքարում` ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և հայրենական իրենց սրբությունների»։

Մոտ երկու տասնամյակ շարունակվող ոտնձգությունները դեռևս չեն ապացուցել, որ նման դեպքերը արդեն պարբերական են դարձել և վրացիների «բարի կամք» կոչվածը ու  հարգանքը հայկական ճարտարապետական հուշակոթողների նկատմամբ պարզապես միֆ է: Պատգամավորը փաստեց, որ «իրենք դա, իհարկե, հասկացել են, և եթե դրանք շարունակական լինեն, պետք է համարժեք հակաքայլեր ձեռնարկեն»: 

Հ.Գ. Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում վերջին դեպքերի կապակցությամբ Հետքը դիմել է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից Հանդուրժողականության կենտրոնի փորձագետ Բեկա Մինդիաշվիլուն, որը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր պետք է հեռախոսային հարցազրույց տար Հետքին: Սակայն պայմանավորված ժամին Բեկա Մինդիաշվիլու հեռախոսն անհասանելի էր: 
Նույն թեմայով հարցազրույցի ակնկալիքով Հետքը դիմել է նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին, եւ մոտ օրերս սպասում ենք դեսպանի պատասխանին: Հարցազրույցը կայանալու դեպքում Հետքը կհրապարակի այն:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter