Հավանություն է տրվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին
Այսօր տեղի է ունեցել Կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։
Ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործելու օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործելու շրջակա միջավայրի մաքրության և պահպանման միջոցները, փոփոխելու հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, որոշմամբ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձևի և ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Տիգրան Սարգսյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։
«Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երևանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ», - ասել է վարչապետը և հավելել, որ դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը` կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։ Հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի մեր հայրենիքն ավելի մաքուր լինի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել