Ֆիլմերում ծխելու տեսարանները նվազել են
Ինչպես հայտնում է Associated Press-ը, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմերում այն տեսարանները, որտեղ դերասանները ծխում են, նվազել են վերջին տարիներին:
Ծխախոտով տեսարանների հաճախականությունը էկրանին հասել էր իր գագաթնակետին 2005 թվականին, այնուհետև դրանից հետո անկում է ապրել: Այս տվյալները հիմնված են հետազոտության վրա, որի ընթացքում հետազոտողները դիտել են 1991 թ-ից մինչև 2009 թ. ամենահայտնի ֆիլմերը: Նրանք հաշվում էին, թե քանի անգամ են օգտագործվում ծխախոտ ցույց տվող տեսարանները:
Անցյալ տարի արտադրված 145 լավագույն ֆիլմերի կեսից շատեըում ընդհանրապես բացակայել են ծխելու տեսարանները: Իսկ երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերում տոկոսներն ավելի բարձր էին`ֆիլմերի 61 %-ը ցույց չի տվել ծխախոտ:
«Զեկույցը ցույց է տալիս, որ Հոլիվուդը լիովին ի վիճակի է ստեղծելու ֆիլմեր առանց ծխելու տեսարանների, այնպես որ մարդիկ շարունակեն գնալ կինոթատրոններ նայելու այդ ֆիլմերը»,- ասել է ուսումնասիրությունների գլխավոր հեղինակը` Կալիֆորնիայի համալսարանի ծխախոտի դեմ պայքարի գիտահետազոտական և կրթական կենտրոնի տնօրեն Սթեն Գլանցը:
Գլանցը եւ ուրիշները տարիներ շարունակ ճնշումներ են գործադրել կինոարտադրող ընկերությունների վրա, որպեսզի վերջիններս կրճատեն ծխելու տեսարանները երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերում: Այդ ջանքերը կարծես հաջողության են հասել, քանի որ կինոարտադրող ընկերությունները հատուկ քաղաքականություն են ընդունել և թողարկված DVD-ների վրա, որտեղ կան ծխախոտով տեսարաններ, ծխելու վնասակարության մասին հաղորդագրություններ են դնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել