HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու դատախազությունը փորձում է քրեական գործ հարուցել բնակիչների դեմ

Այն բնակիչների, ովքեր պաշտպանում էին ջրի եւ կյանքի իրենց իրավունքը Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման գործն անսպասելի շարունակություն ունեցավ: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Վերին Գետաշենի բնակիչները, այսօր իրենց կանչել են Մարտունու դատախազություն` ցուցմունք տալու համար: Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով` առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ քննչական գործողությունների անցկացման պատճառը: Դատախազությունը կազմել է 15 մարդուց բաղկացած ցանկ, ովքեր պետք է հարցաքննվեն: Բնակիչներին արդեն հայտնի է, որ կանչը կապված է հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպման հետ, որն ուղեկցվել էր 4 ժամով Երեւան-Մարտունի մայրուղու փակմամբ: Ակցիան ուղղված էր Արգիճի գետի հիմնական վտակը` Գայլաձորի հունը` փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի  Վայոց Ձոր հեռացնելու դեմ: Արդյունքում 5 համայնքներ` Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Մադինան, Գեղհովիտը եւ Վաղաշենը` 30 հազար բնակչությամբ, կզրկվեին ջրի միակ աղբյուրից: Հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը  շինարարությունն անօրինական համարեց: Փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման նմանատիպ որոշում կայացրեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողոովը: Մնացին չլուծված հարցեր, թե ինչպես է այդ օբյեկտը, ստույգ` կառուցված ամբարտակները եւ Գայլաձորի հունի հեռացման համար անցկացված 2 կիլոմետրանոց խրամուղն ապամոնտաժվելու եւ ինչ պատիժ է կրելու նա` «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը, որը  պատասխանատու է անօրինական շինարարության համար: Դեռ պաշտոնական տեղեկատվություն այս կապակցությամբ մենք չունենք: Իսկ ինչ վերաբերում է իրավապահ մարմինների գործողություններին, ապա հայտնի է, որ երկու շաբաթ առաջ ոստիկանության քննիչ Հուսիկ Բաղդասարյանը տեղի բնակիչներին հարցաքննել է, թե ով է բողոքի ակցիայի կազմակերպման հետեւում կանգնած եղել: Ներկայումս բնակիչներին հարցաքննում է դատախազության քննիչ Արթուր Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter